Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) միջգերատեսչական աշխատանքային հերթական հանդիպումը։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում WCIT 2024-ի կազմակոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկայացրել է միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքները։
Աշխատանքային խմբում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են իրենց վերապահված գործառույթների կատարման ընթացքի մասին, վերահաստատել պատրաստակամությունն՝ աջակցելու միջոցառման պատշաճ իրականացմանը:
Աշխատանքային խմբի անդամներն անդրադարձել են նաև առաջ եկած մարտահրավերներին, խնդիրներին, դրանց լուծման հնարավոր տարբերակներին։ Քննարկման արդյունքում հնարավոր է դարձել ներկայացված խնդիրների համար ընտրել լուծման արդյունավետ ձևաչափեր: Կարևորվել է միջոցառման պատշաճ նախապատրաստումը և աշխատանքների օպերատիվ կազմակերպումը։
2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 4-7-ը՝ «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո։
WCIT 2024-ը տեղի կունենա DIGITEC Հայաստան միջոցառման հետ սերտ փոխգործակցության շրջանակներում։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության անմիջական համակարգմամբ:
WCIT 2024/ DIGITEC-ը կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ, այլ միջոցառումներ։
Կոնգրեսի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն Արհեստական բանականության առաջատար մասնագետներ և խոսնակներ, որոնք կմասնակցեն նաև DIGITEC էքսպոյին, կծանոթանան կազմակերպություններին ու տեխնոլոգիական ներուժին։