Արմինֆո.Անհրաժեշտ է լուծել Հայաստանի սպառողների էլեկտրամատակարարման վատ որակին առնչվող հարցը։ Այդ մասին սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետն անդրադարձել է մարզային այցերին և բնակիչների կողմից բարձրացրած մի շարք հարցերի, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված: «Արդեն հանձնարարել եմ, առաջիկայում պետք է ինձ մոտ խորհրդակցություն լինի, և ես ակնկալում եմ նախ բացատրություններ, թե ինչու է այդպես, և երկրորդը՝ մեզ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես ենք այդ հարցը լուծելու շատ արագ, որովհետև, իմ ընկալմամբ, խնդիրը խորանում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և նախարարությունից ակնկալում է խնդիրը հնարավորինս արագ լուծելու ծրագիր:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ հարցը քննարկվել է փոխվարչապետի հետ, աշխատանքներ են տարվել նախարարության հետ. «Մասնավորապես՝ վերջին 3 տարում ահռելի ավելացել է նոր միացող բաժանորդների թիվը: Նոր միացող բաժանորդների թվի հետ կապված, եթե պլանավորված էր տասնամյա ներդրումային ծրագրով շուրջ 4 մլն դրամի չափով ներդրումներ, այս տարի, օրինակ, նախատեսված է՝ 26 մլրդ դրամ: Այսինքն՝ այս ուղղությունները, որոնք նոր տնտեսություններ են, նոր գործարաններ կամ նոր սպառողներ են, որոնք միանում են, իրենց վրա մեծ ներդրումային միջոցներ են ծախսվում, և այն ներդրումները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, այդ հնարավորությունները նվազում են ընկերության»:
Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ գլոբալ առումով իր գնահատականն այն է, որ Հայաստանը դուրս է եկել զարգացման նոր ուղեծիր. «Այս համատեքստում ակնհայտ է, որ ենթակառուցվածքներն այս զարգացման տեմպի հետ խնդիր ունեն, ճեղքվածք կա: Դա վերաբերում է ջրին, ճանապարհներին, էլեկտրական հոսանքին: Կոշտ թափոնների հետ կապված մեր խնդիրը գնալով ահագնանում է: Հարցը պետք է նաև այս համատեքստում դիտարկել, որովհետև այստեղ էլ պլանավորման խնդիր կա, որ ենթակառուցվածքները չպետք է խոչընդոտեն տնտեսական հետագա զարգացմանը, և սա գլոբալ խնդիր է: Քննարկենք, և հստակ պլան է անհրաժեշտ»: