Արմինֆո. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում կսահմանվեն պատասխանատվության նորմեր:
ԱԺ հաղորդագրության համաձայն, խնդիրն այն է, որ ԵԱՏՄ երկրների մասով ցամաքային փոխադրումների դեպքում գործում է տարանցիկ հայտարարագրման համակարգ, իսկ երրորդ երկրներ արտահանելիս բոլոր դեպքերում առկա է հայտարարագրման ընթացակարգ: Մինչդեռ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում չունենք հայտարարագրման ընթացակարգ եւ պատասխանատվության միջոցներ: Այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունը:
Կսահմանվի պատասխանատվություն արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց 500.000 դրամից ոչ ավելի՝ իրավախախտման կատարման պահին առկա ապրանքի առկայության դեպքում նաեւ դրա բռնագրավմամբ:
Հարցուպատասխանի ընթացքում հիմնական զեկուցողը մանրամասնել է, թե որ ապրանքների մասին է խոսքը: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են դառնալ երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ: Սահմանվել է նաեւ, որ երկակի նշանակության ապրանքների համար գործող թույլատվական համակարգը գործում է նաեւ այս տեսակի ապրանքների համար:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժղովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Կարեն Համբարձումյանը: