Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Նշելով, որ զբոսաշրջության ոլորտը ՀՀ կառավարության համար ունի առանցքային նշանակություն՝ վարչապետն ընդգծել է նաև տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների մշակման անհրաժեշտությունը:
Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ և այդ առումով կարևորել այս օրերին մեր երկրում անցկացվող Գինու զբոսաշրջության համաշխարհային փառատոնի անցկացումը: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ այն նաև նպաստում է տուրիզմի զարգացմանը Երևանից դուրս:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցի մշակման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ: Ուղեցույցի շնորհանդեսը տեղի է ունենալու այսօր երեկոյան:
RUB | 4.07 | 0.00 |
USD | 386.99 | -0.06 |
EUR | 426.85 | -0.61 |
GBP | 509.55 | 1.82 |
CAD | 285.54 | -0.49 |
JPY | 26.42 | 0.06 |
CNY | 55.14 | -0.01 |
CHF | 454.37 | -0.88 |