Արմինֆո.Մեր նպատակն է Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային կամ տարածաշրջանային օդանավակայան, որը թռիչքներ կիրականացնի ոչ միայն դեպի Երևան, այլև՝ հարևան երկրների հարակից քաղաքներ: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում անցկացվող "ժամանակակից Հայաստանի հեռանկարները. տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ" թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ այս պահին օդանավակայանը մինչև 3 անգամ ավելացրել է դեպի Երևան չվերթների հաճախականությունը:
Սանոսյանը հիշեցրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ հատուկ ստեղծված աշխատանքային խմբի եւ "Զվարթնոց" օդանավակայանի միջեւ ներդրումային մեծ ծրագրի իրականացման շուրջ բանակցությունների մասին: Նա նշել է, որ կողմերը մոտ են պայմանագրի բոլոր դրույթների համաձայնեցմանը։ Այս ծրագրի իրականացման արդյունքում, նախարարի խոսքով, կբարելավվեն Հայաստանի բոլոր օդանավակայանների ենթակառուցվածքները։ "Մեր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի մեր օդանավակայանները կարողանան տարեկան սպասարկել 10 մլն ուղևորի", - ընդգծել է Սանոսյանը, հիշեցնելով, որ նախորդ տարի հաջողվել է ապահովել 5.4 մլն ուղևորահոսք, ինչը ռեկորդային է մեր երկրի համար։
Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 49.5 մլն դրամ ուղղել Կապանի <Սյունիք> օդանավակայանի ընդհանուր գործառնական ծախսերին, հարկերին, աշխատավարձերին: Երևան-Կապան - Երևան ուղղությամբ ներքին ավիաչվերթների գործարկման մասին հայտարարվել էր դեռևս 2018 թվականի մարտին: Առաջին չվերթն իրականացվել է 2023թ. օգոստոսին։ Երևան-Կապան-Երևան ուղղությամբ ներքին չվերթներ է իրականացնում " NovAir " ՍՊԸ լիցենզավորված ավիաընկերությունը չեխական արտադրության 19 տեղանոց ինքնաթիռով (L-410 UVP-E20):
« NovAir » ՍՊԸ-ն հայկական փոխադրող է, որը տեղակայված է Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում: "Ատլանտիս" հոլդինգի մեջ մտնող ընկերությունը Հայաստանում ավիացիոն բիզնես է սկսել դեռևս 1999 թվականից: 2000 - 2003թթ. ավիափոխադրողն իրականացրել է չարտերային չվերթներ դեպի ԱՊՀ քաղաքներ, իսկ 2015թ. սկսել է կոդշերինգային համագործակցությունը "Austrian Airlines"-ի և "Czech Airlines" - ի հետ (մինչև 2018թ.): 2016թ. Atlantis Holding-ի բաժնետոմսերի 100% - ը վաճառվել է Յունիբանկին, առքուվաճառքի պայմանագիրն ավարտվել է 2018 թվականին: