Արմինֆո.Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալ Հուա Լյուն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության միջև 2024-2029թթ. համագործակցության մասին շրջանակային փաստաթուղթը: Ստորագրումը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսի 68-րդ նստաշրջանի հարթակներում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը մշակվել է Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների հետ սերտ համագործակցության արդյունքում և սահմանում է ԱԷՄԳ-ի հետ տեխնիկական համագործակցության հիմնական առաջնահերթությունները և հետագա ծրագրերի իրականացման մասշտաբները, մասնավորապես, ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման, միջուկային և Ճառագայթային բժշկության, շրջակա միջավայրի ճառագայթային պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Ստորագրումից հետո կայացած հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ անդրադարձել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության զարգացմանը ՝ ընդգծելով գործակալության առանցքային դերն ու նշանակությունը նրա մանդատի շրջանակներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերը, նոր հզորությանը անցնելու ծրագրերը և այդ ուղղությամբ ԱԷՄԳ հետ փոխգործակցությունը: Գլխավոր համաժողովի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը շուրջ երկու տասնյակ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ: Կազմակերպվել են աշխատանքային հանդիպումներ ԱԷՄԳ պրոֆիլային ստորաբաժանումների հետ։