Արմինֆո. Հայաստանում բոլոր ավիափոխադրողների և օդանավ շահագործողների համար կսահմանվեն ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի ապահովագրության նվազագույն պահանջներ: Համապատասխան օրենքի նախագիծը քննարկման է ներկայացվել e-draft.am կայքում:
Օրենքը, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում, կտարածվի Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և Հայաստանի Հանրապետության տարածքով չվերթներ իրականացնող բոլոր ավիափոխադրողների և օդանավ շահագործողների վրա: Սույն օրենքի դրույթները չեն կիրառվում պետական օդանավերի, 20 կիլոգրամից պակաս առավելագույն թռիչքային քաշ ունեցող օդանավերի վրա, ոտքով արձակվող թռչող ապարատների վրա (այդ թվում՝ շարժիչավոր պարապլաններ և դելտապլաններ), օդապարիկների վրա, պարաշյուտների վրա (այդ թվում՝ պարասեյլինգ պարաշյուտներ), 500 կիլոգրամից պակաս առավելագույն թռիչքային քաշով օդանավերի (այդ թվում՝ սավառնակներ) և գերթեթև թռչող ապարատներ վրա, որոնք՝ օգտագործվում են ոչ առևտրային նպատակներով, կամ՝ ներքին թռիչքային ուսուցման նպատակով, որի դեպքում չի ենթադրվում միջազգային սահմանների հատում: Փաստաթղթում ներկայացված են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ավիափոխադրող, օդանավ շահագործող, երրորդ անձ, ուղևոր, առևտրային տրանսպորտ:
Ավիափոխադրողների և օդանավ շահագործողների ապահովագրությունն իրականացվելու է ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռների և երրորդ անձանց նկատմամբ հատուկ ավիացիոն պատասխանատվության շրջանակներում: Ապահովագրվող ռիսկերի թվին են դասվում ռազմական գործողությունները, ահաբեկչությունը, օդանավի հափշտակումը, դիվերսիոն գործողությունները, օդանավի անօրինական զավթումը և քաղաքացիական խռովությունները։
Ուղևորների նկատմամբ պատասխանատվության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը, բացառությամբ 2 700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների համար, կազմում է առնվազն 250 000 փոխառության հատուկ իրավունք (այսուհետ՝ ՓՀԻ)՝ մեկ ուղևորի համար։ Թռիչքային և սպասարկող անձնակազմի նկատմամբ պատասխանատվության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը, բացառությամբ 2 700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների համար, կազմում է առնվազն 250 000 փոխառության հատուկ իրավունք՝ յուրաքանչյուր անդամի համար։ 2 700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների համար նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է առնվազն 100 000 ՓՀԻ՝ մեկ ուղևորի համար։ Ուղեբեռի նկատմամբ պատասխանատվության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է 1288 ՓՀԻ՝ առևտրային փոխադրումների շրջանակում մեկ ուղևորի համար։Բեռի նկատմամբ պատասխանատվության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է 22 ՓՀԻ՝ առևտրային փոխադրումների շրջանակում մեկ կիլոգրամի համար։ Նշված արժեքները կարող են փոփոխվել, եթե համապատասխան միջազգային պայմանագրերում կատարված փոփոխությունների արդյունքում ի հայտ է գալիս այդպիսի անհրաժեշտություն։