Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոհբանիի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Միրզոյանի, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է «Նորավան» ենթակայան:
ՀՀ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ծանոթացել է կայանի շինարարության ներկայիս ընթացքին, կատարված աշխատանքներին։
Գնել Սանոսյանը այցելել է նաև «Նորավան» ենթակայանի կառավարման շենք, որտեղ նախարարին ներկայացվել է տեղադրված սարքավորումների միջոցով և Երևանում,և Թեհրանում մոնիթորինգ անելու հնարավորությունը։
Մինչև այս տարվա ձմեռ նախատեսվում է ավարտին հասցնել մալուխների անցկացման աշխատանքերը, կատարել բարեկարգման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ընթացքում արդեն ապահովել տեխնիկական հագեցվածությամբ։
Այցի ընթացքում դիտարկվել է նաև Հայաստանից դեպի Իրան հենասյուների տեղադրման հատվածները, կատարված բետոնացման աշխատանքները, որոնք իրականացվում են ռելիեֆային բարդ պայմաններում։ Վերջին երկու ամսվա ընթացքում տեղադրվել է մոտ 40 հենասյուն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի ակտիվացնել համագործակցությունը՝ ենթակայանի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ խոսքը Հրազդանի ՋԷԿ-ից մինչև Մեղրի քաղաք 400 կՎ բարձրավոլտ գծի կառուցման մասին է, որի երկարությունը կկազմի 275 կմ: Տվյալ երթուղում ընթանում է "Նորավան" 400/220 կՎ ենթակայանի շինարարությունը: Էլեկտրահաղորդման գծի հայկական տեղամասի երկարությունը Իրանի սահմանից մինչև "Նորավան" ենթակայան կկազմի 80 կմ, "Նորավանից" մինչև Հրազդանի ՋԷԿ - ի հինգերորդ էներգաբլոկ՝ 195 կմ:
Տարիներ առաջ հաղորդվել էր, որ նախագծի պատվիրատուն "Բարձրավոլտ էլեկտրացանցեր" ՓԲԸ - ն է, գլխավոր կապալառուն՝ իրանական Sanir ընկերությունը, իսկ որպես ֆինանսական կողմ հանդես է գալիս Իրանի արտահանման զարգացման բանկը: