Արմինֆո. Հոկտեմբերի 18-ին Երևանում կկայանա ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը՝ Երևանում Եվրասիական համաժողովի շրջանակում "Ենթակառուցվածքը և լոգիստիկան գյուղատնտեսությունում. արդի մարտահրավերներն ու լուծումները" թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Նա հաղորդել է, որ կողմերը կքննարկեն ընդհանուր թվային հարթակների ներդրման հարցը՝ անդամ պետությունների ՝ տեղեկատվության փոխանակման և միասնական տեղեկագրերի հասանելիության հնարավորությունների ընդլայնման նպատակով:
"Հայաստանն այս տարի նախագահում է Միությունը, և հենց այդ թեման ավելի խորը կքննարկվի գյուղատնտեսության հինգ նախարարների հանդիպման շրջանակներում։ Ես մեծ հույս ունեմ, որ շուտով մենք ավելի արագ լուծում կներկայացնենք Միության մարմիններում քննարկման համար։ Այդ միջոցառումների իրականացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը կնպաստի մատակարարումների շարունակական շղթաների ստեղծմանը, արտադրողների համար գործարքային ծախսերի նվազեցմանը, արտադրանքի մրցունակության բարձրացմանը ինչպես Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների շուկաներում", - նշել է ԵՏՀ նախարարը։
Ամփոփելով՝ Բարսեղյանն ընդգծել է, որ ԵՏՀ ջանքերն ուղղված են քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Այդ առնչությամբ նա հույս է հայտնել, որ միասնաբար ԵԱՏՄ երկրները կկարողանան ինտեգրացիոն օրակարգի զգայուն ուղղություններով հասնել ավելի շոշափելի արդյունքների, քանի որ քաղաքացիներն ու բիզնեսը կոնկրետ արդյունքներ են ակնկալում