Արմինֆո. Առաջարկվում է Ռազմարդյունաբերական կոմիտեին օժտել չորս նոր գործառույթով: Նպատակն է ավելի կանոնակարգել գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ձեւակերպումը, դրանց կազմումը, անցկացումը, հաշվետվությունը եւ ֆինանսավորումը: ԱԺ հաղորդագրության համաձայն, այդ մասին հաղորդել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում առաջին ընեթրցմամբ ներկայացնելիս:
Նախարարի խոսքով այսօր էլ ոլորտում աշխատանքներ կատարվում են, սակայն պետական կառույցների ու մասնավոր հատվածի միջեւ մի շարք իրավահարաբերություններ կանոնակարգված չեն: «Մտադիր ենք կանոնակարգել դաշտը, հեշտացնել այն ռազմարդյունաբերողների գործը, որոնք ցանկանում են պետական ֆինանսավորումից օգտվել՝ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնելու, իսկ հետագայում դրանք սերիական արտադրության ուղղելու նպատակով»,- հավելել է Մխիթար Հայրապետյանը:
Հաջորդ ուղղությունը վերաբերում է փորձանմուշների արտադրությանը: Այս մասով 2024 թվականի բյուջետային հատկացումը 1,5 մլրդ դրամի չափով է, սակայն որեւէ մեխանիզմ չկա մշակված: «Առաջարկում ենք օրենսդրական այս փոփոխության արդյունքում այդ մեխանիզմները մշակելու գործիքակազմ տալ: Արդյունքում՝ այն ռազմարդյունաբերողները, որոնք կատարել են գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներ ու պետական փորձարկմանը պատրաստ են, սակայն պետական փորձարկման համար անհրաժեշտ են ավելի մեծ քանակով փորձանմուշներ, ապա ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ հենց պետական միջոցների ներդրմամբ ֆինանսավորենք»,- պարզաբանել է նախարարը: Պաշտպանության նախարարությունն այս կամ այն զինատեսակի պետական փորձարկումն անցկացնելու համար խնդիր է դնում, հատկապես գիտական նորույթ հանդիսացող տեխնոլոգիաների դեպքում երկարաժամկետ փորձարկում է նախատեսվում: «Այստեղ մասնավոր հատվածը հնարավորություն չունի մեծ ֆինանսներ գեներացնելու: Մենք խրախուսում ենք, որ հենց պետական ներդրման միջոցով ՊՆ-ի պահանջով համապատասխան փորձանմուշները մեր կողմից ֆինանսավորվեն: Սրա համար եւս համապատասխան մեխանիզմ ենք առաջարկում մշակել»,- հավելել է զեկուցողը:
Երրորդ կարգը վերաբերում է պետական փորձարկումների ամբողջ գործընթացին: Վերացվում են արհեստածին այն խոչընդոտները, որոնք ազդում են պետական փորձարկման գործընթացի վրա: Այժմ պետական փորձարկման համար անհրաժեշտ անգամ մեկ փամփուշտի պարագայում Կառավարության առանձին որոշումներ են պետք: «Մտադիր ենք ԲՏԱ եւ ՊՆ նախարարների համատեղ հրամանով այս հարցը կարգավորել, որը մի քանի անգամ արագացնելու է պետական փորձարկումների տեմպերը»,- մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը:
Չորրորդ ուղղությունը հնարավորություն է տալու պետական հաստատությանը, որը հիմնական քաղաքականություն մշակող մարմին է, հատկապես արտակարգ իրավիճակներում օգտագործելով պետական գործիքակազմը՝ ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարի մասնավոր հատվածի՝ ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին: «Այդ մասնավոր ընկերությունները, ցավոք, կաշկանդված են այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է դրսից գնումներին: Հավատացած ենք, որ այս հնարավորության ընձեռմամբ աջակցելու ենք ռազմարդյունաբերողներին»,- փաստել է զեկուցողը:
Պատգամավորների հարցադրումները վերաբերել են տեղական արտադրողների ռիսկերի գնահատմանը, այլ երկրներից պատրաստի տեխնոլոգիաներ գնելու հնարավորությանը, բյուջետային ծախսերի արդյունավետությանը եւ ոլորտային այլ խնդիրների:
Ի պատասխան՝ ԲՏԱ նախարարը նշել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Պաշտպանության նախարարության կողմից 100 անգամ ավելացել է հայրենական արտադրողներից պետական պատվերը՝ հասնելով եռամյա պայմանագրերով 171 մլրդ դրամի. այդ թիվը մինչեւ տարեվերջ աճելու միտում ունի: Այս պահին ոլորտում ներգրավված են ավելի քան 2500 ինժեներներ, ծրագրավորողներ եւ նեղ մասնագիտական կարողություններ ունեցող անձնակազմ:
«Մենք ունենք բյուջե, բայց ռազմարդյունաբերողները զգուշությամբ են մոտենում դրան՝ պայմանավորված ոլորտում առկա ռիսկերով: Մենք հիմա վերացնում ենք այդ ռիսկերը»,- արձանագրել է Մխիթար Հայրապետյանը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի գնահատմամբ մեր երկրում ռազմական արդյունաբերությունը սրընթաց դառնում է տնտեսության, գիտության եւ անվտանգության կարեւորագույն ոլորտներից մեկը: