Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2024 13:44
Ալինա Հովհաննիսյան

Հայկական ստարտափները հնարավորություն կունենան ներդրումներ ստանալ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի հիմնադրամից

Հայկական ստարտափները հնարավորություն կունենան ներդրումներ ստանալ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի հիմնադրամից

Արմինֆո.Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT2024) և DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում Հայաստան կայցելի արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի եղբայրը ՝ Ռոդրիգո Մեսին, և նրա մենեջմենթի տնօրենը:

 

Ինչպես հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, արգենտինացի հարձակվողի եղբայրը Հայաստան կժամանի որպես նրա (Լիոնել Մեսսի) play Time VC հիմնադրամի ներկայացուցիչ ՝ տեղական ստարտափներին ծանոթանալու նպատակով, որպեսզի դիտարկի ներդրումների հնարավորությունները:

 

Այս հիմնադրամի (1.5 մլրդ դոլար ծավալով) կառավարիչները Մեսիից բացի նաև ԱՄՆ-ից մեր հայրենակից Ռազմիկ Հովակիմյանն է: Play Time VC-ն սպորտային հոլդինգ է, որը ներդրումներ է կատարում ամբողջ աշխարհում սպորտի, մեդիայի և տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաև աջակցում է ֆուտբոլային տեխնոլոգիաների նորաստեղծ հիմնադիրներին կամ ակումբներին:

 

Բացի այդ, Հայաստան կժամանեն Play Time VC-ի գործընկերները վենչուրային եւ ներդրումային հիմնադրամներից ։ Play Time VC գործընկերային ցանցը բավականին լայն է: Այս կապակցությամբ Ալեքսանդր Եսայանը կոչ է արել ստարտափներին լինել ակտիվ և առավելագույնս օգտագործել ընձեռված հնարավորությունները:

 

Նշենք, որ Ռազմիկ Հովակիմյանը Graph Ventures վենչուրային ընկերության գործընկերն է, Matchday ֆուտբոլային նախաձեռնության համահիմնադիրը:

 

Հիշեցնենք, որ WCIT-ը Հայաստանում կանցկացվի երկրորդ անգամ: Առաջին անգամ նման մասշտաբային միջոցառում մեր երկրում տեղի է ունեցել 2019 թվականին։

 

WCIT-2024-ի աշխատանքը մեկնարկելու է հոկտեմբերի 5-ին և տևելու է մինչև 7-ը՝ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ "Արհեստական բանականությունը սահմաններից դուրս և էթիկայի շրջանակներում" կարգախոսի ներքո: Գիտաժողովին նախորդում է համերգ Հանրապետության հրապարակում (հոկտեմբերի 4-ին, ժամը 19:30) պետական սիմոֆնիական նվագախմբի և անվանի կատարող Ջեյսոն Դերուլոյի մասնակցությամբ:

 

WCIT -ին զուգահեռ հոկտեմբերի 4-8-ը <Մերիդիան> ցուցահանդեսային կենտրոնում տեղի կունենա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը:

 

WCIT 2024 / DIGITEC-ը կմիավորի հիմնական բանախոսներին պանելային քննարկումներում, կանցկացվեն հանդիպումներ B2B ձևաչափով։ Համաժողովի շրջանակներում կներկայացվեն նորարարություններ, կանցկացվեն բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ ։ Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն արհեստական բանականության ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր կայցելեն ԴիջիԹեք, կծանոթանան ընկերություններին և դրանց տեխնոլոգիական ներուժին:

 

Լիոնել Մեսի հիմնադրամի գործունեությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով ՝ https://www.playtime.vc/