Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024 16:14
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պորտֆելի կառավարիչ Լետիցիա Կարնեվալիին և Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Սևակ Միքայելյանը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, որ Կլաուդիա Բուշի գործունեությունը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը։

 

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկու երկրների միջև առկա ծրագրերի կատարման ընթացքի, երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետագա քայլերի, տևական և կայուն տնտեսական զարգացման հեռանկարների մասին։

 

Անդրադարձ է կատարվել տնտեսության դիվերսիֆիկացիային, գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին, շրջակա միջավայրի և էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ՓՄՁ-ներին աջակցության և մի շարք այլ թեմաների: