Արմինֆո. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում տեղի են ունեցել հայկական գինիների հանրաահռչակման բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
Նախաձեռնողը Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամն է (VWFA - Vine and Wine Foundation of Armenia) ՝ Բրիտանական IWSC-ի (International Wine and Spirit Competition) հետ համագործակցությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։
Միջոցառումը մեկնարկել է Մանչեստերում, որտեղ գինու հայտնի փորձագետ Քերոլայն Գիլբին տեղի սոմելիեների ակումբում ներկայացրել է հայկական 30գինեգործարանների ավելի քան 68 անուն գինի: Մանչեստերում խոսել են ինչպես հայկական գինեգործական շրջանների, գինու ոճի, առանձնահատկությունների, խաղողի տեսակների, այնպես էլ հայկական մշակույթի ու պատմության մասին:
Լոնդոնում հայկական գինիներ են համտեսել ոլորտի լրագրողներն ու գինի գնողները, ովքեր նաեւ ծանոթացել են Հայաստանի գինեգործական ինդուստրիայի վերածննդի պատմությանը:
Լոնդոնում միջոցառմանը մասնակցել է նաև ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորել է նման միջոցառման կազմակերպումը բրիտանական հանրության համար հայկական գինիների հանրահռչակման տեսանկյունից: Դեսպանը նշել է, որ գինեգործությունը թափ է հավաքում Հայաստանում ՝ նվաճելով նորանոր շուկաներ։ Նա հույս է հայտնել, որ նման միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի խթանել հայկական գինիների արտահանումը Միացյալ Թագավորություն:
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, համտեսներից բացի, անցկացվել են նաև կլոր սեղան-քննարկումներ հայկական գինիների ներուժի և հեռանկարների վերաբերյալ, ինչը բացառիկ հնարավորություն է բրիտանական շուկայում հայկական գինիների մարքեթինգի, գնագոյացման, իրացման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու, ինչպես նաև նոր կապեր հաստատելու համար:
Նշենք, որ ՀՀ մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2023 թվականին Հայաստանը գինու արտահանումը Միացյալ Թագավորություն կրճատել է 57,6 տոկոսով՝ մինչեւ 11,1 հազար լիտր։ Ընդ որում, մաքսային արժեքը նվազել է 37,4 տոկոսով՝ մինչեւ 81,5 հազար դոլար: