
Արմինֆո. Հոկտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի ունեցած Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
Հավելենք նաև, որ մեկ օր առաջ Աբդուլքադիր Ուրալօղլուն ուշագրավ տեղեկություններ էր հայտնել։ Նա, մասնավորաապես, հաղորդել էր, որ, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" շուրջ Հայաստանի հետ բանակցություններում վերջին շրջանում առաջընթաց է նկատվում։
"Սկզբում մեծ առաջընթաց կար Իրանի նկատմամբ, առաջընթաց կա նաև հայկական կողմից, շուտով դա պարզ կդառնա", - ասել էր Ուրալօղլուն, հավելելով, որ Ադրբեջանից տրանսպորտային միջանցքի բացումը ժամանակի հարց է:
Նախարարի խոսքով՝ Թուրքիան անմիջականորեն չի մասնակցում բանակցություններին՝ այդ գործառույթը թողնելով Ադրբեջանին։
Հարկ է նաև նշել, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հավաստիացնել, թե մտադիր չեն սեփական տարածքով արտատարածքային միջանցք տրամադրել ։ Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 12-ին կրկին ընդգծել է, որ Երևանը պատրաստ է բացել հանրապետության տարածքով երթուղին՝ փոխադարձության և ինքնիշխանության հարգանքի սկզբունքով: