Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Վերականգման վարկերի բանկի (KFW) պատվիրակությանը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ շեշտելով ՀՀ ՏԿԵ նախարարության և Վերականգման վարկերի բանկի (KFW) համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր։
ՀՏԶՀ գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը խոսել է ծրագրի ընթացքի, առկա խնդիրների և հետագա անելիքների մասին։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։
Հիշեցնենք, որ 1988-ի երկրաշարժի հետևանքով կիսակառույց Կապսի ջրամբարը՝ 110 մլն խմ նախագծային հզորությամբ, գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք ՝ Ախուրյան գետի հովտում: 2020 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատել է "Ջրային ռեսուրսների համակցված կառավարում/Ախուրյան գետ, Փուլ 1" ծրագրի շրջանակներում հողերի ձեռք բերման և վերաբնակեցման գործողությունների ծրագիրը, որով կառուցվելու է Կապսի ջրամբարը: 2023 թվականի մայիսի 18-ին պաշտոնապես դրվել է ջրամբարի հիմքը ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո, այդ թվում փոխառու միջոցները ՝ 68.5 մլն եվրո: Շինարարությունը կիրականացնի Չինական Shanxi Construction Investment Group ընկերությունը։ Կբարձրանա նաև Շիրակի մայրուղային և Ախուրյանի աջափնյա ջրանցքների ջրապահովման մակարդակը և դրանց կառավարման տակ գտնվող շուրջ 17 000 հա հողատարածք: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ, ինչը թույլ կտա տարեկան տնտեսել 1,3 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա: