Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024 15:08
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը Գանայի Հանրապետության հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը Գանայի Հանրապետության հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում

Արմինֆո.  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Աքուա Օպոկու-Վարեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, նախարարը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կհաջողվի հասցնել ավելի բարձր մակարդակի:

 

«Հայաստանը կարևորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը, և մենք Գանայի Հանրապետության հետ համագործակցության մեծ ներուժ ենք տեսնում։ Այսօրվա հանդիպումը հրաշալի հնարավորություն է քննարկելու փոխշահավետ գործակցությունը տարբեր ոլորտներում», - նշել է նախարարը:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Գանայի միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում գործակցությանը:

 

Գևորգ Պապոյանը դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

 

Նշենք, որ Մաքսային ծառայության տվյալներով՝ 2023 թվականին Գանայից Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը կրճատվել է տարեկան 38,8% - ով՝ կազմելով 606.7 հազար դոլար։ Ընդ որում, արտահանմանը բաժին է ընկնում չնչին ծավալ։