Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024 16:46
Կարինա Մելիքյան

Հայաստանի արժեթղթերի շուկայի լավագույն մասնակիցները դարձել են AMX AWARDS 2024-ի հաղթողներ

Հայաստանի արժեթղթերի շուկայի լավագույն մասնակիցները դարձել են AMX AWARDS 2024-ի հաղթողներ

Արմինֆո. Հոկտեմբերի 30-ին կայացել է AMX ամենամյա մրցանակաբաշխությունը, որը այս տարի ևս միավորել է Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար ընկերություններին։ Հայաստանի ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան Հայաստանի կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին հանձնել են մրցանակներ՝ ընդգծելով նրանց ձեռքբերումները 2023-2024 թվականներին։

 

Այս տարի միջոցառումը առանձնացել է ոչ միայն նոր ձևաչափով, այլև խորացված քննարկումներով՝ անդրադառնալով Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներին ու առաջընթացի նոր հնարավորություններին: Հանդիպումը վերածվել է գաղափարների փոխանակման հարթակի, որտեղ ներկայացվել և վերլուծվել են ոլորտի աճի ուղղություններն ու նորարարական լուծումները՝ նպաստելով Հայաստանի ֆինանսական շուկայի շարունակական զարգացմանը և մրցունակությանը տարածաշրջանում։

 

Ամփոփելով նախորդ՝ 2023 թվականի շուկայական տվյալները, առանձնացվել են 18 տարբեր անվանակարգերի հաղթողներ, ովքեր նախորդ տարվա ընթացքում կապիտալի շուկայում ծավալել են ակտիվ գործունեություն՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Հավելյալ 3 անվանակարգերում էլ տրվել են խրախուսական մրցանակներ տարբեր բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներին:

 

Հատկանշական է, որ հատուկ խրախուսական մրցանակ էր նախատեսված Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական շուկաների թվային ուսուցման հարթակի (EBRD Capital Markets e-Learning Program) ամենաակտիվ ուսանողի համար։ Այս նորարարական կրթական նախաձեռնությունը հնարավոր դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի հետևողական ջանքերի և բանակցությունների շնորհիվ, որոնց արդյունքում այս տարեսկզբին ՀՖԲ-ն ՎԶԵԲ-ի կողմից ստացավ 30 կրթական արտոնագիր: Կրթական հարթակի արտոնագրերի մեծ մասը տրամադրվել են ՀՖԲ անդամ կազմակերպությունների աշխատակիցներին՝ նպաստելով նրանց մասնագիտական առաջընթացին և ոլորտի զարգացմանը։

 

AMX-ի հաղորդագրության համաձայն, միջոցառման ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն Անի Մակարյանը ներկայացրել են AMX խմբի իրագործած բարեփոխումներն ու առաջնահերթ նախագծերը, ինչպես նաև ապագա զարգացման ռազմավարական ծրագրերը: Նրանց ելույթները ընդգծել են բորսայի հաստատակամ հանձնառությունը՝ շարունակաբար բարելավել շուկայական ենթակառուցվածքները և խթանել ներդրումների համար նոր հնարավորություններ՝ նպաստելով Հայաստանի կապիտալի շուկայի միջազգային մրցունակության ամրապնդմանը:

 

Այս տարվա միջոցառման ժամանակ անցկացվել է «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը և միջազգայնացումը» թեմայով պանելային քննարկում՝ AMX խմբի դիտորդ խորհրդի անդամների և միջազգային փորձագետների գլխավորությամբ: Պանելային քննարկման մոդերատորն էր՝ ԵՖԲՄ-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը: Բանախոսներն էին ՀՖԲ դիտորդ խորհրդի նախագահ Մաթեուշ Զավիստովսկին, դիտորդ խորհրդի նախագահի տեղակալ Մայքլ Վոլթերը, ՀԿԴ խորհրդի անդամ Դանիել Էրիկ Սթոունշիֆերը, EBRD Ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացման նախագահի տեղակալ Ռադա Տոմովան և AMX կառավարման խորհրդի անդամ Գժեգոժ Կուչարսկին անդրադարձել են Հայաստանի կապիտալի շուկան միջազգային շուկաներին ինտեգրելու մարտահրավերներին և հնարավորություններին։ Թեմաները ներառում էին օտարերկրյա ներդրումների ավելացում, շուկայական ենթակառուցվածքների բարելավում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում:

AMX AWARDS 2024-ի Հայաստանի ֆոնդային բորսայի մրցանակակիրներն են. ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ՝  լավագույնը բաժնետոմսերի երկրորդային շուկայում; ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ՝  լավագույնը կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային շուկայում;  ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ՝  լավագույնը պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում; ԱՐՄԲՐՈԿ ԲԲԸ - լավագույնը ՌԵՊՈ գործարքներում; Մխիթար Մկրտչյան (ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ)՝  շուկայի անդամների կողմից ընտրված լավագույն գործընկեր; ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ - Բորսայի կորպորատիվ պարտատոմսերի լավագույն թողարկող; ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ՝  Բորսայի բաժնետոմսեր լավագույն թողարկող; ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ՝  կորպորատիվ պարտատոմսերի շուկայում լավագույն տեղաբաշխող; ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ ՓԲԸ՝  Բորսայի լավագույն համագործակցող անդամ:

AMX AWARDS 2024-ի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակակիրներն են.  ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ՝  Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր; ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ՝  Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցող անդամ; ԴԱՅՄԵՆՇՆ ՓԲԸ՝  Դեպոզիտար համակարգի լավագույն անդամ; Ժանետ Աղաջանյան (ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ)՝  Դեպոզիտար համակարգի լավագույն աշխատակից;

ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ՝  ամենաթափանցիկ թողարկող; CLEARSTREAM՝  լավագույն օտարերկրյա գործընկեր;

ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ՝  Դեպոզիտար համակարգի ամենաառաջադեմ անդամ; ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ՝  Դեպոզիտար համակարգի ամենաառաջադեմ անդամ; ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ՝  Դեպոզիտար համակարգի ամենաառաջադեմ անդամ, Քրիստինե Հարությունյան (ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ) - Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության համար մրցանակ, Ռուզաննա Խաչատրյան (ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ) - Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության համար մրցանակ; Սոնա Գրիգորյան (ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ) - EBRD Capital Markets E-Learning ծրագրի ամենաակտիվ սովորող:

 

AMX մրցանակաբաշխությունը շարունակում է հաստատվել որպես ֆինանսական ոլորտի առանցքային իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է մասնակիցների նշանակալի ներդրումը կապիտալի շուկայում, այլև հիմք է ստեղծում ոլորտի կայուն զարգացման համար: Այս տարվա մրցանակակիրները ցուցաբերեցին բացառիկ կատարողականություն՝ բարձրացնելով տեղական և միջազգային ներդրողների վստահությունն ու հետաքրքրվածությունը Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ և կարևոր դեր ունենալով դրա հետագա ընդլայնման գործում։