Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024 11:45
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Ղրղզստանը քննարկել են տրանսպորտի բնագավառում փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ շեշտը դնելով փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման վրա

Հայաստանն ու Ղրղզստանը քննարկել են տրանսպորտի բնագավառում փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ շեշտը դնելով փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման վրա

Արմինֆո. Բիշքեկում կայացել է Ղրղզստանում համատեղության կարգով (նստավայրը՝ Աստանա) Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի  հանդիպումը Ղրղզստանի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարար Աբսատտար Սիրգաբաևի հետ։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ղազախստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, ՀՀ ու ՂրՀ միջև տրանսպորտի ոլորտում փոխգործակցության զարգացման՝ երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալի աճի և տարանցիկ ներուժի ավելացման շեշտադրմամբ, դիտարկվել է նոր փոխշահավետ, այդ թվում՝ մուլտիմոդալ տրանսպորտային կապուղիների վերհանմանը միտված քայլերի և գործողությունների հերթականությունը։

 

Դեսպան Ա․Ղևոնդյանը հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով պաշտոնական Երևանի կողմից ձեռնարկվող քայլերը։ Իր հերթին՝ նախարար Ա․Սիրգաբաևը տեղեկացրել է Ղրղզստանի կառավարության՝ նոր կապուղիների շինարարության և դիվերսիֆիկացման ծրագրերի մասին, որոնք կարող են ընդլայնել փոխկապակցվածությունն ինչպես բուն Կենտրոնական Ասիայում, այնպես էլ ավելի լայն համատեքստում։

 

Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է պատրաստակամությունն առ սերտ երկխոսություն՝ միտված տնտեսական փոխգործակցության կտրվածքով պահանջարկ վայելող հեռանկարային երթուղիների մասով առաջարկների մշակմանը և հետագա իրագործմանը։

 

Ավելի վաղ Արմեն Ղևոնդյանն այցելել էր «Արտահանման զարգացման և առաջմղան «Кыргыз Экспорт» կենտրոն», որտեղ ծանոթացել էր վերջինիս գործունեության հիմնական ուղղությունների հետ։

 

Կենտրոնի տնօրեն Ուրմատ Տակիրովի հետ կայացած հանդիպմանը հայ-ղրղզական առևտրատնտեսական համագործակցության առաջմղման համատեքստում կառուցողական մթնոլորտում դիտարկվել են ՀՀ դեսպանության և «Кыргыз Экспорт»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ միտված երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտներին գործնական աջակցություն ցուցաբերելուն՝ երկարաժամկետ գործընկերական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների փոխադարձ մատակարարման օպտիմալ շղթաների մշակման հարցերում։

 

Ղրղզական Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր «Արտահանման զարգացման և առաջմղան «Кыргыз Экспорт» կենտրոն»-ը ստեղծվել է 2023թ-ին՝ արտահանման զարգացման և առաջմղման գործառույթների իրականացման որակի և արդյունավետության բարձրացման, արտահանման ներուժի և հայրենական արտադրողների մրցունակության ամրապնդման նպատակներով։