Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2024 14:40
Ալինե Գրիգորյան

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հաջորդ տարի Հայաստանի մոնիթորինգ կանցկացնի

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հաջորդ տարի Հայաստանի մոնիթորինգ կանցկացնի

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Եվրոպայի խորհրդի, մասնավորապես Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը, Հայաստանին ցուցաբերված աջակցությունը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, Մաթյո Մորին իր հերթին ընդգծել է՝ ԵԽ Կոնգրեսը կարևորում է Հայաստանը, Հայաստանում իրականացվող ծրագրերը և դրանց ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը կլինի շարունակական։ «Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է և ողջունելի է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության կայացման ճանապարհին»,-ընդգծել է Մաթյո Մորին։

 

Հանդիպման ժամանակ շեշտադրվել է հետմոնիթորինգային գործընթացի կարևորությունը։

Մաթյո Մորին տեղեկացրել է, որ հաջորդ տարի Հայաստանը կենթարկվի մոնիթորինգի։

 

Նախարար Սանոսյանն էլ նկատել է, որ ԵԽ կոնգրեսի կողմից մոնիթորինգն առիթ է ընդգծելու կատարված աշխատանքը, Տեղական ինքնակառավարման համակարգի համապատասխանությունը Եվրոպական խարտիային, ինչպես նաև վերհանել բացթողումները և շտկել դրանք։

 

Անդրադարձ է կատարվել նաև Համայնքների միությանը, համայնքներին տրամադրվող դոտացիաներին, համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։