Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024 13:06
Ալեքսանդր Ավանեսով

2025 թվականին կշարունակվի սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը

2025 թվականին կշարունակվի սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը

Արմինֆո.ՀՀ կառավարությունը մտադիր է 2025 թվականին շարունակել սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը։ Այդ մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։

 

Նրա խոսքով՝ ծրագիրն իր արդյունավետությունն ապացուցել է 2023-2024 թվականներին, և այն, անկասկած, կշարունակվի նաև հաջորդ տարի։ Սակայն, ինչպես նշել է նախարարը, այդ նախագծի մի շարք պարամետրերի հստակեցման անհրաժեշտություն կա, որպեսզի արդյունավետությունն ու նպատակասլացությունը բարձր մակարդակի վրա լինեն: Ներկայումս քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ինչ ձևաչափով շարունակել ծրագրի իրականացումը։

 

Նշենք, որ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու համար ՀՀ կառավարությունը տրամադրում է 16 մլն դրամ: Ծրագրից արդեն օգտվել է 2 հազար շահառու, որոնք կամ տներ են կառուցել, կամ էլ՝ կառուցում են։