Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2024 18:07
Մարիաննա Մկրտչյան

Մարգարյան. Միջազգային առևտրի պալատը ծրագրում է իր մասնաճյուղը բացել Ղազախստանում

Մարգարյան. Միջազգային առևտրի պալատը ծրագրում է իր մասնաճյուղը բացել Ղազախստանում

Արմինֆո. Միջազգային առևտրի պալատը նախատեսում է իր մասնաճյուղը բացել Ղազախստանում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Միջազգային առևտրի պալատի (ՄԱՊ) հայաստանյան ներկայացուցչության տնօրենների խորհրդի անդամ, ներդրումների և առևտրի հանձնաժողովի ղեկավար Հայկ Մարգարյանը:

 

Նա հավելել է, որ Միջազգային առևտրի պալատի մասնաճյուղ բացելու առաջարկը ստացվել է ղազախ գործընկերներից: Մարգարյանը հիշեցրել է, որ Միջազգային առևտրի պալատը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող աշխարհի ամենախոշոր առևտրային պալատն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզում: "ՄԱՊ ներկայացուցչություններ կան աշխարհի 130 երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում", - նշել է Մարգարյանը:

 

Այդ առումով նա տեղեկացրել է, որ հանդիսանում է ՄԱՊ հայաստանյան ներկայացուցչության տնօրենների խորհրդի ներկայացուցիչը և Հայաստանի ներդրումային կոմիտեի տնօրենների անդամ: "Մենք մեր ղազախ գործընկերների հետ մի քանի գործարար համաժողովներ, գործարար առաքելություններ ենք իրականացրել դեպի Հայաստան, Ղազախստան։ Ղազախստանում կան մի շարք հաջող առևտրային պալատներ, բայց չկա Միջազգային առևտրի պալատի ներկայացուցչություն: Ելնելով դրանից՝ մենք արդեն հարցում ենք ուղարկել գլխամասային գրասենյակ՝ ապագայում Ղազախստանի տարածքում նման ներկայացուցչություն բացելու համար, որը սերտորեն կհամագործակցի ՄԱՊ հայաստանյան գրասենյակի հետ", - ասել է Մարգարյանը։

 

Ընդ որում, նա դժվարացել է պատասխանել հարցին, թե երբ պետք է սպասել Ղազախստանի տարածքում ՄԱՊ մասնաճյուղի բացմանը,  պատճառաբանելով, որ ամեն ինչ կախված է բյուրոկրատական ընթացակարգերի արագությունից: "Ամեն ինչ դեռ սկզբնական փուլում է", - պարզաբանել է նա։

 

Անդրադառնալով հարցին, թե Ղազախստանում ՄԱՊ մասնաճյուղի բացումն ինչպես կանդրադառնա հայ - ղազախական երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա, Մարգարյանը նշել է, որ հայկական պալատի երկու անդամներ արդեն բացել են հայկական տաղավարը Խորգոս սահմանային համագործակցության միջազգային կենտրոնում: "Մենք վերջերս համաժողով ունեցանք, մոտ 40 հայ արտադրողներ հետաքրքրություն են հայտնել իրենց արտադրանքը Խորգոսի հայկական տաղավար ուղարկելու հարցում։ Դա կխթանի արտահանումը և կհանգեցնի հայկական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը դեպի այլ երկրներ, այդ թվում ՝ Կենտրոնական Ասիա։ Դա կխթանի նաև նոր տեխնոլոգիաների, թվայնացման ուղղությամբ հարաբերությունների զարգացումը", - հավելել է նա։

 

Որպես այդպիսի հաջողված նախաձեռնություն նա նշել է ղազախական կողմի ծանոթությունը հայկական "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը և արդեն հաջորդ տարի Ղազախստանի Հանրապետության տարածքում դրա մասնաճյուղ բացելու որոշումը: "Դա թույլ կտա Ղազախստանի հետ համագործակցությունը դարձնել ավելի համակարգված, այլ ոչ թե կետային՝ ինչպես այսօր", - ամփոփել է Մարգարյանը: