Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024 15:58
Ալինե Գրիգորյան

Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի ՆԳՆ-ին "Նաիրիտ" գործարանում քիմիական նյութերի դեմ պայքարում

Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի ՆԳՆ-ին "Նաիրիտ" գործարանում քիմիական նյութերի դեմ պայքարում

Արմինֆո.Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված հարցեր:

 

ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սանջայ Սրիվաստավային և Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանին։

 

Հանդիպմանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի պատրաստակամությունը աջակցելու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված աշխատանքներին։

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանջայ Սրիվաստավան կարևորել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջանքերն ուղղված  «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա խնդիրների կարգավորմանը, այնուհետև անդրադարձ կատարել ստեղծված իրավիճակին և հնարավոր լուծումներին։

 

Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը ներկայացրել է Բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ մատնանշելով առաջնահերթությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ուժերի մոբիլիզացման, իրավիճակի փորձագիտական վերլուծության, տեղանքային քարտեզագրման և գույքագրված խնդիրների լուծման նպատակով Ծրագրի շրջանակներում միջգերատեսչական համագործակցության խթանման հարցերին։

 

Ներքին գործերի նախարարության անունից, որպես աջակցող կառույց, պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր ուղղություններով համագործակցությունն ակտիվորեն  շարունակել։