
Արմինֆո.Երևանում մեկնարկել է առաջին զբոսաշրջային MICE համաժողովը (Meetings, Incentives, Conferences, Exhibitions) ՝ Սերբիայի, Վրաստանի, Հունաստանի և Հորդանանի ճյուղային փորձագետների և Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառման նախաձեռնողը Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն է:
Համաժողովի ընթացքում փորձագետները կներկայացնեն ոլորտի զարգացմանն ուղղված իրենց փորձը և գաղափարները: Համաժողովը հնարավորություն կընձեռի Հայաստանում զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցային տնտեսությունների, զբոսաշրջային պրոդուկտ մշակողների, ինչպես նաև MICE ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթանալու առկա մարտահրավերներին, նոր մշակումներին, միտումներին և փորձի փոխանակումիրականացնել:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը փաստել է, որ Հայաստանը պատրաստ է և ունի համապատասխան ենթակառուցվածքներ միջազգային ստանդարտներին համապատասխանող միջոցառումներ, այդ թվում ՝ MICE համաժողովներ անցկացնելու համար: "Աննկարագրելի լանդշաֆտներով, հարուստ պատմամշակութային ժառանգությամբ Հայաստանը, որը հայտնի է իր գրկաբաց հյուրընկալությամբ և գինու հազարամյա պատմությամբ, արդեն ներկայանում է որպես MICE-ֆորումների անցկացման լավագույն վայր", - նշել է նա:
Կոմիտեի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ միջոցառումն ավելին է, քան քննարկումների հարթակ, և պետք է հանգեցնի գործողությունների: Նա այդ համատեքստում մատնանշել է գործողությունների հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը, որը թույլ կտա Հայաստանը գրավիչ հարթակ դարձնել միջազգային համաժողովների համար:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին' Գեւորգյանը նկատել է, որ MICE-ն միայն զարգացող ուղղություն է Հայաստանի զբոսաշրջության համար: Միաժամանակ, նա նշել է, որ 2018 թվականից մեր երկիրը հասցրել է միջազգային խոշոր միջոցառումների անցկացման փորձ կուտակել՝ որպես օրինակ նշելով WCIT-ը, Ֆրանկոֆոնիայի օրերը, միջազգային մարզական առաջնությունները և այլն: Միաժամանակ, Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ MICE-ն հեռանկարային ուղղություն է, քանի որ շահույթի համատեքստում կարող է ապահովել բավականին բարձր տոկոս: Միջազգային պլանի խոշոր միջոցառումներ անցկացնելով՝ միանգամից երկիր են այցելում մի քանի հարյուր կամ, նույնիսկ, հազարավոր հյուրեր, ինչը, նրա խոսքով, մեծ ներդրում է ունենում տնտեսության մեջ։
Գևորգյանն ընդգծել է, որ Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է զարգացնել գործարար զբոսաշրջությունը ՝ կազմակերպելով և աջակցելով տարբեր միջոցառումների և համաժողովների անցկացմանը: