Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը նոյեմբերի 29-ի նիստում որոշում է ընդունել մսամթերքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների մսի առանձին տեսակների նկատմամբ սակագնային արտոնություն տրամադրելու մասին՝ ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով:
Ինչպես նշվում է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրությունում, խոսքը 2025 թվականին նման ապրանքների ներմուծման հնարավորության մասին է՝ հետևյալ ծավալներով. Հայաստանի Հանրապետության համար՝ մինչև 9 հազար տոննա, Բելառուսի Հանրապետության համար՝ մինչև 7,5 հազար տոննա, Ղրղզստանի Հանրապետության համար՝ մինչև 2,5 հազար տոննա, Ռուսաստանի Դաշնության համար՝ մինչև 100 հազար տոննա։ "Մաքսասակագնային կարգավորման միջոցն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում մսամթերքի դեֆիցիտի լրացմանը, որը նախատեսված է վերամշակող ձեռնարկությունների կողմից պատրաստի մսամթերքի և երշիկեղենի արտադրության համար, նման արտադրության ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև պատրաստի արտադրանքի գների աճի զսպմանը", - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
Նա ընդգծել է, որ սակագնային արտոնություն կտրվի խոշոր եղջերավոր անասունների մսի համար, որը նախատեսված է բացառապես արդյունաբերական վերամշակման եւ պատրաստի արտադրանքի արտադրության համար՝ լիազոր մարմնի կողմից ներմուծվող ապրանքի նպատակային նշանակությունը հաստատելու պայմանով: Նման մսամթերքը չի վերաբերվում բարձրորակ տավարի մսին, որը, հիմնականում, արտադրվում է ներքին շուկայում։
Միության երկրներում դիտարկվող մսամթերքի դեֆիցիտը փոխհատուցվում է, հիմնականում, Լատինական Ամերիկայի երկրներից և Հնդկաստանից ներկրվող մատակարարումների հաշվին ։