Արմինֆո. Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մեծ ներուժ ունի առանցքային ճյուղերում, որոնք կարող են նպաստել գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ kvira.ge պարբերականի հարցազրույցում:
Նրա խոսքով ՝ Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները կայուն աճում են, և տեսանելի է նաև դրանց հետագա զարգացման և դիվերսիֆիկացման զգալի ներուժ: Հայաստանն ունի առավելություններ մրգերի, բանջարեղենի, չրերի և ավելացված արժեքով այլ ապրանքների արտադրության գորրծում, ինչպիսիք են գինեգործական արտադրանքը, պահածոները, բնական հյութերը և կաթնամթերքը: Իսկ Վրաստանը հայտնի է իր գինիով, ընկույզով, թեյի արտադրանքով և բանջարեղենով, որոնք պահանջարկ ունեն Հայաստանում։ Սա պայմաններ է ստեղծում երկու շուկաներում պահանջարկ ունեցող ապրանքների երկկողմ առևտրի ավելացման համար:
Ինչ վերաբերում է Վրաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությանը, ապա, ինչպես նշել է նախարարը, 2024 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 702,6 մլն դոլար, ինչը 13,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանի հետ ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի արտահանման մասնաբաժինը կազմել է 17,6%, ներմուծման մասնաբաժինը՝ 82,4%։ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին արտահանումը կազմել է 123,7 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12,3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 576,1 մլն դոլար ՝ նվազելով 17,6 տոկոսով։ Հայաստանից Վրաստան արտահանվող հիմնական ապրանքներն են գլանակներն ու սիգարները (23,5 մլն դոլար), երկաթից կամ չլեգիրացված պողպատից պատրաստված կիսաֆաբրիկատները (18,9 մլն դոլար), շշերը, բանկաները և այլ ապակյա տարաները (14,8 մլն դոլար): Նշված ապրանքները կազմում են 2024 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստան ընդհանուր արտահանման 50,6% - ը։
Իր հերթին՝ Վրաստանից Հայաստան են մատակարարվել, հիմնականում, մարդատար ավտոմեքենաներ և այլ տրանսպորտային միջոցներ (76,1 մլն դոլար), էթիլային սպիրտ, ալկոհոլային խմիչքներ (35,9 մլն դոլար), դեղամիջոցներ (27,7 մլն դոլար): Այդ ապրանքները, ինչպես նշել է Պապոյանը, կազմում են ընթացիկ տարվա հունվար - սեպտեմբեր ամիսներին Վրաստանից ներմուծման ընդհանուր ծավալի 24,3 տոկոսը։
Նախարարը նշել է, որ գլխավոր գործոնը, որը հայկական կապիտալը ներգրավում է Վրաստան, երկրների աշխարհագրական մոտիկությունն է և ընդհանուր մշակութային արժեքները. մեր միջև պատմական և մշակութային կապերը հեշտացնում են հարաբերություններն ու բիզնես գործընթացները: Ներդրումների համար հեռանկարային ուղղությունների թվում նա նշել է զբոսաշրջությունն ու հյուրանոցային բիզնեսը ։ Հայ ներդրողները կարող են ներդրումներ կատարել Վրաստանի հյուրանոցային հատվածում, առողջարաններում, տրանսպորտային ծառայություններում և զբոսաշրջային ենթակառուցվածքի այլ տարրերում: Ի դեպ, ինչպես նշել է նախարարը, հայ ներդրողների համար գրավիչ կարող են դառնալ ներդրումները նաեւ լոգիստիկայում եւ ենթակառուցվածքներում։
Խոսելով ենթակառուցվածքային նախագծերի մասին, ինչպիսիք են "Խաղաղության խաչմերուկը" եւ "Սեւծովյան ստորջրյա էլեկտրահաղորդումը", ապա, ինչպես ընդգծել է Պապոյանը, դրանց իրականացումը կարող է էական ազդեցություն ունենալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական հարաբերությունների վրա: "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը նախաձեռնվել է ՀՀ կառավարության կողմից և ուղղված է Հայաստանի տարածքով Սև ծովը, Պարսից և Օմանի ծոցերը միացնող տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծմանը: Այդ նախագիծը ենթադրում է ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և ինտերնետ մալուխների զարգացում, ինչը կարող է էապես բարելավել տարածաշրջանի երկրների միջև առևտրատնտեսական կապերը: Սևծովյան ստորջրյա մալուխը կմիացնի Սևծովյան տարածաշրջանի երկրները, այդ թվում ՝ Վրաստանը, Եվրոպայի հետ ։ Կարծում եմ, որ այս նախագիծը հեռանկարային է և կարող է նպաստել էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը: Հայաստանի ինտեգրումն այդ նախագծերին կամրապնդի տնտեսական կապերն իր հարևանների, այդ թվում ՝ Վրաստանի հետ, և կմեծացնի Եվրոպայի և Ասիայի միջև համագործակցության ներուժը: Ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ կապերի բարելավումը կօգնեն մեծացնել առևտուրը, ներգրավել ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր, ինչն, իր հերթին, կազդի տարածաշրջանի տնտեսական աճի և կայունության վրա", - ասել է Էկոնոմիկայի նախարարը։
Նա ընդգծել է, որ էներգետիկայի հատվածում էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերը կարող են զգալի ներդրումներ ներգրավել: Այս ճյուղերի զարգացումը ոչ միայն կապահովի էներգետիկ անվտանգությունը, այլև կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր և բիզնեսի նոր հնարավորություններ: Կարևոր է նաև թվային տեխնոլոգիաների և տեղեկատվական հաղորդակցության դերը։ ՏՏ ենթակառուցվածքների զարգացումը և երկու երկրներում բիզնես գործընթացների թվայնացման խթանումը նոր հնարավորություններ կբացեն ստարտափների և նորարարական ընկերությունների համար, ինչը օտարերկրյա ներդրողներին կգրավի բարձր տեխնոլոգիական ոլորտներում: Գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտում երկրների համագործակցությունը կարող է հանգեցնել նաև արտադրության ծավալների ավելացման և արտադրանքի որակի բարելավման, ինչը կստեղծի արտահանման նոր շուկաներ և պայմաններ ագրոարդյունաբերական համալիրում ներդրումներ ներգրավելու համար: "Զբոսաշրջության զարգացումը նույնպես կարևոր ասպեկտ է ։ Հայաստանի և Վրաստանի ներուժի համատեղ խթանումը կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Վերոնշյալը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, գործարար միջավայրի բարելավմանը: Բացի այդ, տրանսպորտային միջանցքների զարգացումը, ենթակառուցվածքների և համագործակցության բարելավումը, մաքսային ընթացակարգերի արդիականացումը թույլ կտան մեծացնել առևտրի ծավալները և նվազեցնել ծախսերը", - ամփոփել է նախարարը։