Արմինֆո. Ամուլսարի ոսկու հանքի կառուցման նախագծի ֆինանսավորման հայտը հետ է կանչվել: Այդ մասին դեկտեմբերի 5-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ ի պատասսխան հարցի, թե որ փուլում է այսօր գտնվում այդ նախագծին բանկի մասնակցության հարցը։
"Մենք նայում էինք այդ նախագծին և պատրաստ էինք աշխատել դրա վրա։ Սակայն այս պահին նախագծի ֆինանսավորման հայտը հետ է կանչվել, այդ պատճառով մենք դրա վրա չենք աշխատում", - ասել է Պոդգուզովը, հավելելով, որ եթե կարգավիճակը փոխվի, ապա բանկը պատրաստ է կրկին միանալ այդ նախագծին։ Միաժամանակ, ԵԱԶԲ վարչության նախագահը վստահ է, որ նախագծի առնչությամբ, առաջին հերթին, պետք է կողմնորոշվեն հենց Հայաստանում։
"Ես գիտեմ, որ ընթանում են բնապահպանական փորձաքննություններ և այլն։ Հենց ինչ-որ պարզություն լինի, մենք էլ կկողմնորոշվենք", - ասել է Պոդգուզովը։
Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը, "Lidian Armenia" ՓԲԸ -ն և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը նշանավորեց Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի վերագործարկումը։ Նշվում էր, որ հուշագրի շրջանակում կներգրավվի 150 մլն դոլար, որից 100 մլն դոլար' ԵԱԶԲ-ի վարկային միջոցներ, 50 մլն դոլարը կապահովվի տեղական բանկի կողմից, և պայմանագրից դուրս լրացուցիչ 100 մլն դոլար կներդրվի բաժնետերերի կողմից: Հայտարարվել էր, որ Ամուլսարի հանքի շահագործումը պետական գանձարանին կապահովի տարեկան 30-40 մլրդ դրամի մուտքեր, հանքի գործարկումից հհետո Վայոց Ձորի մարզում կբացվի շուրջ 1000 նոր աշխատատեղ:
Ըստ գնահատականների՝ Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 1% - ով:
Ս. թ. հունվարի 18-ին ՀՀ կառավարությունը "Լիդիան Արմենիա" շահագործող ընկերության բաժնետոմսերի 12.5%-ն ընդունել էր որպես նվիրատվություն և դրանց կառավարման լիազորությունները վերապահել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ պաշարների մեծությամբ։ Ընկերության տեղեկատվության համաձայն, հանքավայրը պարունակում է մոտ 73733 կգ ոսկի՝ տոննայում 0,78 գ միջին պարունակությամբ, ինչպես նաև 294.367 տոննա արծաթ՝ տոննայում 9.29 գ միջին պարունակությամբ: Այն գտնվում է երկրի Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջնամասում ։ Հանքի շինարարությունը դադարեցվել էր 2018 թվականին ՝ բնապահպանական նկատառումներով ։