Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) դեռևս Մաստարայի ջրամբարի կառուցման ֆինանսավորման առաջարկ չի ստացել: Այդ մասին դեկտեմբերի 5-ին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը:
"Անկեղծ ասած՝ մենք առաջին անգամ ենք լսում նման նախագծի մասին", - ասել է Մանդրոնը:
Իր հերթին՝ ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը նշել է, որ եթե Հայաստանի խորհրդարանում այդ մասին խոսում են, ուրեմն այդպես էլ կա: "Այլ բան է, որ որեւէ պաշտոնական դիմում բանկը դեռ չի ստացել: Եթե հայտնվի եւ երբ հայտնվի, եթե խորհրդարանում այդ մասին խոսում են, մենք այդ հարցին առավելագույնս ուշադիր կմոտենանք եւ պատրաստ կլինենք այստեղ ֆինանսական թիկունք լինել", - ասել է Պոդգուզովը։
Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ այդ հարցը դիտարկվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գծով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին, ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ, որի միջոցները տնօրինում է Եվրասիական զարգացման բանկը, քննարկումներ են ընթանում Մաստարա գետի վրա ջրամբարի կառուցման համար վարկային ռեսուրսների ներգրավման շուրջ: Հայաստանի հայտը քննարկման փուլում է։