Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2024 13:12
Ալեքսանդր Ավանեսով

ԿԸՀ ներկայացուցիչները մասնակցել են «Արհեստական բանականությունը ընտրական դերակատարների համար» թեմայով աշխատաժողովին

ԿԸՀ ներկայացուցիչները մասնակցել են «Արհեստական բանականությունը ընտրական դերակատարների համար» թեմայով աշխատաժողովին

Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը դեկտեմբերի 3-ից 5-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել են «Արհեստական բանականությունը ընտրական դերակատարների համար» թեմայով աշխատաժողովին։

ԿԸՀ հաղորդագրության համաձայն, միջոցառումը կազմակերպել էր Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը (International IDEA)  Microsoft-ի և OpenAI-ի աջակցությամբ՝ համախմբելով Արևմտյան Բալկանների և Արևելյան Եվրոպայի երկրների ընտրական մարմինների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցների մոտ ձևավորել ընտրական գործընթացներում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ ընդհանուր պատկերացումներ, ինչպես նաև ուսումնասիրել ընտրական վարչարարության մեջ այն ներդնելու հնարավորություններն ու ռիսկերը:

 Քննարկվել են արհեստական բանականության հիմունքների, սոցիալական մեդիայում դրա կիրառման, ինչպես նաև ոլորտի օրենսդրական կարգավորումներին առնչվող հարցեր։ Հատկապես կարևորվել է արհեստական բանականության կիրառման էթիկան և մարդու իրավունքների վրա վերջինիս հնարավոր ազդեցությունը։