
Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերություններն ամփոփել են 2024 թվականի համագործակցության արդյունքները և նախանշել են հաջորդ՝ 2025 թվականի ծրագրերը։
ՀԿԵ հաղորդագրության համաձայն, երկու ընկերությունների պատվիրակությունների և ղեկավարների՝ Ալեքսեյ Մելնիկովի և Դավիթ Փերաձեի մասնակցությամբ համապատասխան հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Թբիլիսիում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես խոսվել է 2024 թվականի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված ՀԿԵ ենթակառուցվածքի վերականգնմանը «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների մասնակցությանն առնչվող հարցերի մասին։ Վրացական կողմը տրամադրել էր 30 վագոնից և ջերմաքարշից բաղկացած շարժակազմ, ինչպես նաև Հայաստան էին գործուղվել երկաթուղու աշխատակիցներ՝ մասնակցելու ջրհեղեղի հետևանքների վերացմանը։
ՀԿԵ գլխավոր տնօրենը վրացի գործընկեր Դավիթ Փերաձեին պարգևատրել է «Փոխգործակցություն, աշխատակցություն» շքանշանով արդյունավետ գործակցության համար: Բացի այդ, «ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմի, աննախադեպ աջակցության և ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ համակարգված համատեղ աշխատանքի համար ՀԿԵ «Փոխօգնության» շքանշանով պարգևատրվել են «Վրացական երկաթուղի» ընկերության 11 մեքենավարներ և մեքենավարների օգնականներ։
«ՀԿԵ»-ն ընդգծում է Վրաստանի երկաթուղայինների ցուցաբերած օգնության կարևորությունը և իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում «Վրացական երկաթուղու» ղեկավարությանը, ինչպես նաև ողջ անձնակազմին: Ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին Լոռու մարզում ստեղծված արտակարգ իրավիճակը փաստացիորեն հաստատեց Վրաստանի և Հայաստանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների բարեկամական և եղբայրական հարաբերությունները», - նշել է Ալեքսեյ Մելնիկովը։
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են 2024 թվականին երկու ընկերությունների փոխգործակցության արդյունքները, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային փոխադրումների կազմակերպման, 2025 թվականին միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործման և հաջորդ տարվա ամառային սեզոնին ուղևորափոխադրումների կազմակերպման հարցերը։
Քննարկման ընթացքում խորհրդակցության մասնակիցները վերահաստատել են համատեղ երկկողմ աշխատանքը շարունակելու, երկաթուղիների շահագործման բարելավմանն ուղղված գործընկերային հարաբերությունների զարգացման մտադրությունները: Կողմերը նաև պայմանավորվել են 2025 թվականի համար պահպանել համաձայնեցված միջանցիկ սակագնային դրույքաչափերը, որոնք գործում էին 2024 թվականին։ Վրացական կողմը նաև տեղեկացրել է հայ գործընկերներին, որ ներդրման գործընթացում է գտնվում «Օրիոն 2» տոմսերի վաճառքի նոր ծրագիրը, որի համատեղ փորձնական շահագործումը կսկսվի 2025 թվականի ապրիլին: