Երեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2024 17:12
Կարինա Մելիքյան

ՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համար

ՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համար

Արմինֆո.Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության (team Telecom Armenia ապրանքանիշ) կողմից Հայաստանում առաջին անգամ Կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերի (Sustainability-Linked Bonds) թողարկմանն աջակցելու համար' 75 մլն դոլար թողարկման ծավալով: Ինչպես նշվում է ՄՖԿ-ի հաղորդագրության մեջ, այդ կերպ ինստիտուցիոնալ ներդրողը աջակցություն է ցուցաբերում Հայաստանում թվային ենթակառուցվածքի զարգացմանը:

 

Նշենք, որ ՄՖԿ-ի հետ մեկտեղ եւս երկու ինստիտուցիոնալ ներդրողներ ներդրումներ են կատարել տվյալ թողարկման պարտատոմսերում' Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) եւ Ասիական զարգացման բանկը (ADB): Բացի այդ, պարտատոմսերում ներդրումներն իրականացվել են PROPARCO-ի կողմից, որը Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) ֆինանսական ստորաբաժանում է եւ մասնագիտանում է մասնավոր հատվածի զարգացման ոլորտում:

 

Հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանը ենթակառուցվածքային և կապի հետ կապված մի շարք մարտահրավերներ ունի, այդ թվում նաև տարածաշրջանի միջինի համեմատ բջջային և ֆիքսված լայնաշերտ ավելի ցածր արագությունների հետ կապված մարտահրավերը։ Մասնավորապես սահմանափակ է գյուղական շրջաններում և ցածր եկամուտ ունեցող խմբի շրջանում կապի հասանելիությունը, որտեղ աղքատ, չափահաս բնակչության 41 տոկոսը չի ստանում որակյալ, ֆիքսված լայնաշերտ ծառայություններ՝ խաթարելով կենսական նշանակություն ունեցող տեղեկատվության, տնտեսական հնարավորությունների և կենսական ծառայությունների հասանելիությունը։ Այս խզվածքը լրացնելու համար պահանջվում են մինչև 600 մլն դոլարի գնահատված արժեքով ներդրումներ»։

 

Ամերիաբանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերը, որոնք ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, կֆինանսավորեն  Team Telecom Armenia-ի  ռազմավարական նախագծերը՝ ներառյալ 4G+  և օպտիկամանրաթելից  (FTTH) ցանցերի զարգացումը։ Ընկերությունը նախատեսում է մինչև 2029 թվականը լրացուցիչ ծածկույթ ապահովել բջջային համակարգի 300,000 օգտատիրոջ համար և լրացուցիչ 90,000 տնային տնտեսություն միացնել գերարագ ինտերնետին: Ծրագրից հատկապես կշահեն ոչ բավարար սպասարկվող գյուղական շրջանները, որտեղ 4G+ ծածկույթը ներկայիս 74%-ից կավելանա մինչև 96%, իսկ FTTH տեխնոլոգիաների ներթափանցումը 14%-ից կավելանա մինչև 35%:

 

Team Telecom Armenia-իգլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է․ «Պարտատոմսերի այս թողարկումը կարևոր քայլ է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի արդիականացման և դեպի պատասխանատու և կայուն թվային ապագա շարժվելու ճանապարհին: Սա և՛ ներդրումային հնարավորություն է, և՛ միջոց՝ աջակցելու երկրի հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը»։

 

Կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերը ֆինանսավորման գործիք են, որոնք կապվում են ընկերության կայուն զարգացման նպատակների հետ։ Օրինակ՝ ընկերությունը կարող է արտանետումները կրճատելու կամ վերականգնվող էներգիա օգտագործելու պարտավորություն ստանձնել։ Եթե այդ թիրախները չեն ապահովվում, արժեկտրոնի տոկոսադրույքը կարող է բարձրանալ։ Պարտատոմսի կայուն զարգացման նորարարական կառուցվածքի շրջանակում Team Telecom Armenia-ն կունենա լրացուցիչ խթան, որպեսզի ջերմոցային գազերի իր արտանետումները մինչև 2027թ․ հոկտեմբերի 1-ը 20 տոկոսով և մինչև 2029թ․ նոյեմբերի 1-ը 40 տոկոսով նվազեցնի 2023թ․-ի ելակետայինի համեմատ։ Ի լրումն դրան պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցները կվերաֆինանսավորեն ընկերության գործող վարկերը, ինչը կօգնի շարունակել վերջինիս ներդրումային ծրագիրը։ ՄՖԿ-ն նաև կաջակացի գենդերային խզվածքի նվազեցմանն ուղղված ընկերության ջանքերին գենդերային գնահատման միջոցով, գենդերային հավասարության քաղաքականության մշակման և աշխատաժողովներ անցկացնելու հարցում՝ իգական սեռի ղեկավարների գործակիցը բարձրացնելու համար։

 

«ՄՖԿ-ի ներդրումն աջակցում է Team Telecom Armenia-ի ջանքերին՝ ուղղված երկրում տնային տնտեսություններն ու համայնքներն ավելի արագ և լավ ինտերնետով ապահովելուն: Որպես երկրում կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերի առաջին թողարկում՝ այն նաև փայլուն օրինակ է ծառայում այլ ընկերությունների համար՝ վերջիններիս խրախուսելով օգտագործել համանման ֆինանսական գործիքներ, որոնք բիզնեսի աճը համատեղում են բնապահպանական և սոցիալական պատասխանատվության հետ», – ասել է ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն:

 

Պարտատոմսերի այս թողարկումը մեկ այլ կարևոր իրադարձություն է Team Telecom Armenia-ի հետ ՄՖԿ-ի համագործացկության շրջանակում, որը սկսվել է 2022թվին, երբ ՄՖԿ-ն վարկ տրամադրեց՝ ընկերության կապիտալ ներդրումների ծրագրին աջակցելու համար։ ՄՖԿ-ի ներդրումը համահունչ է Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի ռազմավարական առաջնահերթություններին, այդ թվում նաև արտահանմանն ուղղված ոլորտներին, ինչպես օրինակ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներին աջակցությունը՝ բարելավելով հուսալի ենթակառուցվածքների հասանելիությունը:

 

Հարկ ենք համարում նշել, որ Telecom Armenia ընկերության անվանական ոչ փաստաթղթային դոլարային և դրամային պարտատոմսերի հրապարակային վաճառքի մեկնարկը տրվել է դեկտեմբերի 5-ին և տեղաբաշխումը նախատեսվում է ավարտվել է ս.թ. դեկտեմբերի 18-ին: Հայաստանում նման պարտատոմսերի թողարկում առաջին անգամ է տեղի ունենում: Այդ պարտատոմսերի տեղաբաշխողը Ամերիաբանկն է։ Team Telecom Armenia-ն, ընտրելով պարտատոմսերի այս տեսակը, ելնում էր կայուն զարգացման իր ռազմավարական նպատակից, որը ենթադրում է բիզնեսի շարունակական ընդլայնում ՝ պարտավորություն ստանձնելով նվազեցնել իր գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

 

Առաջին և երկրորդ սերիաների դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է, համապատասխանաբար, 45 մլն և 20 մլն դոլար, իսկ դրամային պարտատոմսերինը ' 3.9 մլրդ դրամ: Առաջին սերիայի դոլարային պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը սահմանվել է 7.95%, իսկ երկրորդ սերիայի արժեկտրոնի եկամտաբերությունը' 7.85%, իսկ դրամային պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը' 11.5%: Առաջին սերիայի դոլարային և դրամային պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է, իսկ երկրորդ սերիայի դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը ' 48 ամիս:

 

Նշենք, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող ՄՖԿ-ն աշխարհի խոշորագույն զարգացման հաստատությունն է, որը կենտրոնանում է զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում մասնավոր հատվածի վրա: ՄՖԿ գործունեություն է իրականացնում ավելի քան 100 երկրներում՝ օգտագործելով իր կապիտալը, փորձն ու ազդեցությունը՝ զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար: 2024 ֆինանսական տարում ՄՖԿ-ը ռեկորդային 56 միլիարդ դոլարի պարտավորություններ է ստանձնել զարգացող երկրների մասնավոր ընկերությունների և ֆինանսական հաստատությունների համար՝ մասնավոր հատվածի լուծումները կիրառելով և մասնավոր կապիտալը մոբիլիզացնելով՝ բնակության համար պիտանի մոլորակի վրա աղքատությունից զերծ աշխարհ ձևավորելու համար։ 

 

Հիշեցնենք, որ Telecom Armenia ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Այս հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության շնորհիվ՝ Team-ը հուսալի և նորարար ծառայություններ է տրամադրում թե՛ անհատ, թե կորպորատիվ բաժանորդներին։ Telecom Armenia ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։