Արմինֆո. Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տևական ազդեցությանը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը, ով դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցել է քննարկմանը:
Դեսպան Մակունցն իր բացման խոսքում, ողջունելով բարձրաստիճան հյուրերին, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին՝ բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի ներդրման կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման գործում: Դեսպանը երախտագիտություն է հայտնել ՄԶԳ կառավարիչ Փաուերին առաջնորդության համար՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները և միջազգային զարգացումը՝ ընդգծելով Կառավարչի հանձնառությունը Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցերին։
Կառավարիչ Փաուերն իր ելույթում վերահաստատել է Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ամուր գործընկերությունը՝ ընդգծելով շարունակական համագործակցության կարևորությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկ անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը և պարենային անվտանգությունը:
Քննարկումը համակարգում էր դեսպան Մարի Յովանովիչը՝ հեղինակավոր դիվանագետ, ով 2008-2011 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր: Քննարկմանը հաջորդել է հարցուպատասխանի հատվածը:
Հարցուպատասխանի ընթացքում դեսպան Մակունցը նշել է, որ երկկողմ հարաբերությունները խարսխվում են նախևառաջ երկու պետությունների ընդհանուր արժեքների վրա։ Համոզմունք է հայտնել, որ մի շարք հարցերում ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է՝ խաղաղությունը Հարավային Կովկասում։ Դեսպանն անդրադարձել է նաև Սփյուռքի դերակատարմանը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման հարցում։
Դեսպան Մակունցը եզրափակել է միջոցառումը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Միացյալ Նահանգների հետ իր գործընկերությունն ամրապնդելու հարցում։ Նա լավատեսություն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում շարունակական համագործակցության և այդ հարաբերությունները ԱՄՆ ձևավորվող նոր վարչակազմի հետ էլ ավելի ամրապնդելու վերաբերյալ:
Միջոցառումը, որին մասնակցում էին ԱՄՆ կառավարության, Կոնգրեսի, վերլուծական կենտրոնների, հայ համայնքի ներկայացուցիչները, ավարտվել է ընդունելությամբ։