Հինգշաբթի, 9 Հունվարի 2025 11:47
Նաիրա Բադալյան

"Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2031 թվականի վերջին

"Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2031 թվականի վերջին

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի հերթական նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 236 մլն եվրո բյուջեով «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) կառուցման աշխատանքները:

Աշխատանքներն իրականացվելու են երեք ենթաբաժիններով. հյուսիսային հատված՝ 27,12 կմ երկարությամբ; Բարգուշատի թունելի հատված ՝ 8,65 կմ երկարությամբ և հարավային հատված ՝ 24,25 կմ երկարությամբ: Ընդհանուր առմամբ, ինչպես 2024 թվականի մայիսին նշել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, ճանապարհահատվածի երեք ենթաբաժինների կառուցման համար կպահանջվի 708 մլն եվրո վարկային միջոցներ ։ Հարավային ենթաբաժինը նախատեսվում էր իրականացնել ՎԶԵԲ և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) համատեղ ֆինանսավորմամբ: ՎԶԵԲ-ի կողմից ներկայացված նախնական ծրագրի համաձայն,  հարավային հատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն ՀՀ իշխանությունները ցանկացել են փոխառել ԵՆԲ-ից:

Ինչպես ասվում է այսօրվա փաստաթղթի հիմնավորման մեջ, ծրագրի շրջանակներում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում` ամրացված կողնակներ),  3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ (Ծրագրի թունելի հատվածը կֆինանսավորվի առանձին)։

Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի Ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածների կառուցումը։ Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի կողմից, յուրաքանչյուրի կողմից՝ 236 մլն եվրոյի չափով:

 

Պայմանագրով սահմանված են նաև բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, կլիմայի փոփոխության վրա ազդեցության մեղմացման պահանջներ, ԵՄ հրահանգներին համապատասխանող ճանապարհային անվտանգության միջոցառումներ:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ. դեկտեմբերը (շինարարության ավարտ՝ 2031թ. դեկտեմբեր, որակի երաշխիքային ժամկետ՝ 2033թ. դեկտեմբեր)։

Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան–Քաջարան հատվածում 60 կմ երկարությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր ճանապարհի կառուցումը ռազմավարական մեծ նշանակություն ունի:

Ծրագրի իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 3.2 բաժնի (Ճանապարհաշինություն) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացում ենթակետով ստանձնած պարտավորությունից:

Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար առաջացնում է ֆինանսական պարտավորություններ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ծրագրի կարևորությունը Պայմանագրի վավերացումը գտնում ենք նպատակահարմար», - ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ: