Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 9-ին այցելել է «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիր, որտեղ նախարարի գլխավորությամբ կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա հերթական նիստը։
էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում արդեն իսկ կատարվել է շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է ներդնել ևս 12 մլրդ ՀՀ դրամ այս տարի։ Ընդհանուր առմամբ, պլանավորվում է իրականացնել շուրջ 100 մլրդ ՀՀ դրամի ներդրում։
Ընկերությունն օգտվել է պետական աջակցության մի շարք գործիքներից, մասնավորապես՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և լիզինգի պետական աջակցության ծրագրից, որի միջոցով ձեռք են բերվել ժամանակակից սարք-սարքավորումներ։
Մարզահամալիրը զբաղեցնում է մոտ 2070 հեկտար տարածք, որից 600-ը նախատեսված է կառուցապատման համար։ 2024 - 2025 սեզոնին Մայլեռում արդեն գործում են երկու տասը տեղանոց հոնդոլային ճոպանուղիները, որոնք նախագծվել և մատակարարվել են աշխարհահռչակ «Դոպելմայր» ընկերության կողմից։ Ճոպանուղիները հնարավորություն են ընձեռում հյուրերին համալիրի սկզբնական կետից բարձրանալ ﬕնչև համալիրի աﬔնաբարձր գագաթ՝ 2850 ﬔտր բարձրություն, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատյան դաշտավայր և Արագած լեռ։ Առկա են 21 կմ սահուղիներ, որոնք համապատասխանում են Եվրոպական բոլոր 4 բարդություններին՝ իրենց գունային որակավորուﬓերով: Ընդհանուր առմամբ, հանգստավայրում պլանավորվում է տեղադրել 17 ճոպանուղի։ Համալիրն ունի 450 աշխատակից։
Նախարար Գևորգ Պապոյանը և ԱՏԳ հանձնաժողովի անդամները «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջել են համալիրում, հետևել ընթացիկ աշխատանքներին, ժամանցային կենտրոնների և ճոպանուղու կայանների գործունեությանը, ծանոթացել առաջիկայում նախատեսվող ծրագրերին։
Մայլեռում արդեն գործում է 3 ռեստորանային համալիր, 3 ճոպանուղի, վարձույթի 2 սրահ, արհեստական ձնագոյացման համակարգ, գիշերակացի համար շալեներ։ Օրեր անց կբացվի ևս մեկ ռեստորան և օլիմպիական ստանդարտներին համապատասխանող սահադաշտ: Առաջիկայում նախատեսվում է կառուցել մի քանի հյուրանոցային համալիրներ, այդ թվում՝ միջազգային բրենդներ ներկայացնող։
Պետական միջոցներով կառուցվել է Եղիպատրուշից դեպի լեռնադահուկային համալիր տանող ճանապարհը։
«Մայլեռ»-ի տարածքը 2024 թվականի օգոստոսին ճանաչվել է ազատ տնտեսական գոտի, իսկ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ին շնորհվել է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կարգավիճակ։