Արմինֆո. Որքա՞ն կկազմեր Հայաստանի տնտեսական աճը, եթե չլինեին աճին նպաստող երկու գործոններ՝ ապրանքների արտահանում/վերաարտահանում և պահանջարկի բարձրացում՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ներհոսքի հաշվին: Նման հարցով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին է դիմել "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և վարկային հարցերի հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ:
Նշենք, որ ըստ նախնական վիճակագրական տվյալների, տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև տարեկան 8,7% (2023թ. նույն ժամանակահատվածի 9,7% - ից)։ Աճն առավելապես պայմանավորել են առևտրի ոլորտը՝ տեմպերի արգելակմամբ 23,3% - ից մինչև 19,5%, շինարարության ոլորտը՝ տարեկան տեմպերի արգելակմամբ 17% - ից մինչև 15,9%, և արդյունաբերության հատվածը, որը 0,6% անկումից հասել է մինչեւ 12,6% աճի։ Ընդ որում, 2024թ. սեպտեմբերին, 2023թ. սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա 5,6% - ից արագացել է մինչև հաշվետու 7%, իսկ միայն սեպտեմբերին դանդաղել է մինչև 6,6%՝ օգոստոսի 7,2%-ից (2023թ. սեպտեմբերի աճի 6,2% - ից մինչև 3,7% արգելակման դիմաց)։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 9.4 տրիլիոն դրամի (23.7 մլրդ դոլար)՝ տարեկան աճի առանց այն էլ բարձր տեմպերի արագացմամբ՝ մինչև 73.5% (2023թ. նույն ժամանակահատվածի 45.8% - ից)։ Դա պայմանավորված է արտահանման տարեկան աճի բարձր տեմպերի ավելի ցայտուն արագացմամբ՝ 44,8% - ից մինչև 2,1 անգամ, քան ներմուծումը՝ 46,4% - ից մինչև 54,2%, որոնց բացարձակ մեծությունը կազմել է, համապատասխանաբար, 4.2 տրիլիոն և 5.2 տրիլիոն դրամ (10.6 մլրդ և 13.1 մլրդ դոլար)։
"Սեպտեմբերի 7 տոկոսի փոխարեն տնտեսական ակտիվության աճը կկազմեր 5,6 տոկոս, իսկ հունվար - սեպտեմբերին 8,7 տոկոսի փոխարեն ցուցանիշը կկազմեր 6,2 տոկոս", - պատասխանել է ֆինանսների նախարարը, հավելելով, որ ստացված ցուցանիշից չեն կարողացել "զտել" միայն առեւտրի ոլորտի ցուցանիշը:
Միաժամանակ, նախարարը ձեռնպահ է մնացել պատասխանել հարցին, թե պահանջարկի վրա ինչ չափով է ազդել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ներհոսքը։
Իր հերթին՝ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Էդուարդ Հակոբյանը (նախկինում ֆինանսների փոխնախարար, որը համակարգում էր մակրոտնտեսությունը) նշել է, որ նախկինում էլ Արցախի բնակիչները Հայաստանի ապրանքներ էին սպառում՝ <ինչ-որ չափով>: <Սպառման տեղաշարժ է տեղի ունեցել, այսինքն, դրա ազդեցությունն առանձնապես մեծ չէ: Խոսքը 0,5 տոկոսային կետի մասին է (տվյալ գործոնի ազդեցությունը աճի ձեւավորման վրա - խմբ.)>, - հավաստիացրել է նա։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի վերջին ՀՀ ֆինանսների նախարարությունը հերթական անգամ նվազեցրել է 2024 թվականի ՀՆԱ աճի իր ակնկալիքները՝ 5.8%-ից մինչեւ 5-5.5%։ Մինչդեռ, հաստատված բյուջեում ցուցանիշն ամրագրվել է 7 տոկոսի մակարդակում, իսկ սեպտեմբերին կանխատեսումը վերանայվել է մինչև 5.8 տոկոս։