Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025 12:16
Նաիրա Բադալյան

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները փոխանակում են մի շարք գործառույթներ

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները փոխանակում են մի շարք գործառույթներ

Արմինֆո. Այսուհետ Հայաստանում խաղային գործունեության կարգավորումը վերապահվելու է Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերությունը՝ Ֆինանսների նախարարությանը: "Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին" օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը հունվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Ինչպես նշել է Հովհաննիսյանը, ներկայումս "Խաղային գործունեության կարգավորման մասին", "Վիճակախաղերի մասին" եւ "Շահումով խաղերի, ինտերնետ տոտալիզատորների եւ խաղատների մասին" ՀՀ օրենքների շրջանակներում գործունեությունը կարգավորող լիազոր մարմինը Ֆինանսների նախարարությունն է:

Բայց, հաշվի առնելով, որ խաղային գործունեությունը վերաբերում է տնտեսության այլ ոլորտներին, գերատեսչությունն առաջարկում է ոլորտը կարգավորելու գործառույթը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը։

Բացի այդ, ինչպես հավելել է նա, քանի որ պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) զարգացման ոլորտը պետք է դիտարկել հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից, ապա նպատակահարմար է այդ գործունեության կարգավորման գործառույթն Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցել Ֆինանսների նախարարությանը: