Ուրբաթ, 17 Հունվարի 2025 11:38
Ալինա Հովհաննիսյան

Հայ և գերմանացի գործարարներն ակտիվացնում են կապերը

Հայ և գերմանացի գործարարներն ակտիվացնում են կապերը

Արմինֆո. Աշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։ Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել գործարար հանդիպումներ Երևանում և Բեռլինում և անցնել առավել գործնական քայլերի։


Նշենք, որ Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայիի մեջ մտնում են Գերմանիայի ՓՄՁ-ների ավելի քան 900 հազար սուբյեկտներ: Ասոցիացիան ներկայացուցչություններ ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում և աջակցություն է ցուցաբերում գերմանացի ձեռնարկատերերին, ովքեր մտադիր են բիզնես վարել արտերկրում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2024թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է 24,4% - ով՝ կազմելով շուրջ 443.9 մլն դոլար: Մասնավորապես, արտահանումը գրանցել է 28,9% անկում՝ կազմելով 58.3 մլն դոլար,  ներմուծումը ՝ 23,6%-ով ՝ մինչև 385.6 մլն դոլար: