Արմինֆո. 2024 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իրականացրել է 396 միլիոն եվրոյի ներդրում 19 նախագծերի շրջանակներում, ինչը ներդրումների պատմականորեն ամենաբարձր մակարդակն է։
Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին ասաց․«Սա շրջադարձային տարի էր Հայաստանում ՎԶԵԲ-ի համար։ Մեր տարեկան հանդիպման և բիզնես համաժողովի հաջողությունը զգալի ազդեցություն է ունեցել մեր գործառնությունների ծավալների վրա՝ միաժամանակ խթանելով Հայաստանի՝ որպես ներդրումների կատարման ուղղության ներուժը։ Տարին նշանավորվեց մի շարք կարևոր նախագծերով։ Օրինակ՝ Հայաստանում ՎԶԵԲ-ի ամենամեծ «Սիսիան-Քաջարան ճանապարհային նախագիծը», որը նպատակ ունի բարելավել երկրի կապակցվածությունը։ Կայուն զարգացման հետ կապված առաջին պարտատոմսերում ներդրումները նպաստեցին հեռահաղորդակցության ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև Փախստականների կարիքներին արձագանքման փաթեթի շրջանակներում ստորագրված առաջին նախագիծը, որն ուղղված էր երկրում փախստականներին աշխատաշուկային ինտեգրելուն՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդմանը։ Բոլոր այս նախաձեռնությունները կարևոր դերակատարություն են ունեցել Հայաստանի տնտեսության ամրապնդման, ֆինանսական համակարգի աջակցման, կանաչ նախաձեռնությունների խթանման, ենթակառուցվածքների բարելավման, փախստականների ինտեգրման և քաղաքացիների ընդհանուր կյանքի որակի բարձրացման գործում»։
ՎԶԵԲ-ը պահպանեց ՓՄՁ-ներին իր աջակցությունը՝ 125 մլն եվրո գումարի վարկային գիծ տրամադրելով վեց գործընկեր բանկերին և մեկ լիզինգային ընկերությանը՝ բիզնեսներին, այդ թվում նաև կին ձեռներեցներին՝ բարելավելով մրցունակությունը, էներգաարդյունավետությունը, տնտեսական դիմակայությունը և ներառականությունը, ինչպես նաև փախստականներին աջակցությունը։ Վարկային գծերը զուգորդվում են դոնոր գործըներների՝ ԵՄ-ի, SIDA-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից տրամադրվող դրամաշնորհներով: Առևտրի կարևորագույն հոսքերին աջակցելու նպատակով ՎԶԵԲ-ն իր «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակում Հայաստանում աջակցել է շուրջ 60 միլիոն եվրո արժողությամբ առևտրի ֆինանսավորման գործարքներին՝ ութ տեղական գործընկեր բանկերի մասնակցությամբ։
Բանկը նաև հանձն է առել 12 մլն եվրո տրամադրել «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի նախագծի» համար, որը նոր մաքսային և լոգիստիկ հանգույց կլինի։ Այս ծրագիրը կօպտիմալացնի առևտուրը և կպարզեցնի արտահանման և ներմուծման ընթացակարգերը հայկական բիզնեսների համար։ Բացի այդ, այն ունի փախստականներին աշխատաշուկայում ինտեգրելու բաղադրիչ, իսկ կենտրոնը կկառուցվի էներգաարդյունավետության միջազգային չափանիշներին համապատասխան՝ դարձնելով այն Հայաստանում առաջին հասարակական շենքը, որը կհամապատասխանի «կանաչ շենքի» չափանիշներին։
2024թ-ին ավատվեց նաև չորս տարի առաջ ՎԶԵԲ-ի, IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) և տեղական առևտրային բանկի կողմից ֆինանսավորված արդյունաբերական մասշտաբի առաջին արևային էներգակայանը՝ Մասրիկի արևային կայանը, և միացվեց Հայաստանում էներգետիկ ցանցին։ Այս նախագիծն ամրապնդում է երկրի էներգետիկ անվտանգությունը և կրճատում կախվածությունը ներկրվող վառելիքից։
Ֆինանսավորմանը զուգահեռ ՎԶԵԲ-ը գործարար խորհրդատվություն է տրամադրել տեղական ՓՄՁ-ներին՝ 56 նախագիծ իրականացնելու միջոցով։ Կարողությունների զարգացման մի շարք միջոցառումներ են կազմակերպվել, ինչպես օրինակ՝ վեբինարների շարքեր, ֆինանսական գրագիտության վեապատրաստումներ և համաժողովներ, որոնց մասնակցել են ավելի քան 3000 մասնակիցներ տարբեր ոլորտներից։ Գործունեության հիմնական ոլորտները ներառում էին ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը, կին ձեռներեցներին աջակցությունը, բիզնես ենթակառուցվածքների բարելավումը և փախստականների տնտեսական ինտեգրման խթանումը, ինչպես նաև ՓՄՁ զարգացման և աջակցության համապարփակ մոտեցման ցուցաբերումը։
Ի լրումն իր ներդրումների, ՎԶԵԲ-ը շարունակեց ակտիվորեն ներգրավվել քաղաքականության երկխոսության մեջ։ Բանկը նպաստեց տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացմանը։ ԵՄ աջակցությամբ մեկնարկեցինք «Կապիտալի շուկաների աջակցության ծրագիրը»՝ նպատակ ունենալով հզորացնել տեղական կապիտալի շուկաները և այլընտրանքային ֆինանսավորման լուծումներ ստեղծել փոքր ու միջին ձեռնարկությունների համար։ Այս ծրագիրը կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի հայաստանյան թողարկողներին կաջակցի՝ կարողությունների զարգացում ապահովելու և թողարկման հետ կապված ծախսերի համաֆինանսավորման միջոցով։
Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ Լավ կառավարման հիմնադրամի միջոցով և ՎԶԵԲ-ի աջակցությամբ, շարունակեց աշխատել Էկոնոմիկայի նախարարության հետ՝ բիզնես միջավայրի մի շարք բարելավումների, ինչպես օրինակ սնանկության համակարգի արդիականացման ուղղությամբ։
Բանկի գենդերային և ներառման ռազմավարությունների համաձայն ՎԶԵԲ-ն աջակցել է ամենայուրօրինակ նախաձեռնություններից մեկին, այն է՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին։ Ի լրումն ԵՄ-Թումո կոնվերգենցիայի նոր կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը՝ դոնոր ֆինանսավորում մոբլիզացրեցինք՝ փախստականների վերապատրաստմանը և հմտությունների բարձրացմանն աջակցելու համար՝ կիրառելով Թումոյի չափազանց հաջողված մոդելը։
Բանկի ծրագրերի ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 224-ի, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 2,6 մլրդ եվրո, իսկ մասնավոր հատվածի ներդրումները կազմում են 84 տոկոս։