Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025 17:17
Ալինա Հովհաննիսյան

Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է ներդնել Պետական երաշխիքների ինստիտուտ ՝ զբոսաշրջիկների շահերը պաշտպանելու համար

Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է ներդնել Պետական երաշխիքների ինստիտուտ ՝ զբոսաշրջիկների շահերը պաշտպանելու համար

Արմինֆո. ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն նախաձեռնել է Պետական երաշխիքների ինստիտուտի ներդրման նախագիծ, որը թույլ կտա պաշտպանել զբոսաշրջիկների՝ ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների շահերը: Այդ մասին հունվարի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը,  նշելով, որ նախագիծն այժմ քննարկվում է միջազգային դոնորների հետ։

 

<Ոլորտում քաոս է տիրում։ Զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցող սուբյեկտների մեծ մասը պայմանագրեր չեն կնքում, այլ առաջնորդվում են ձեռք բերված (բանավոր) պայմանավորվածությամբ: Ծառայությունների դիիմաց վճարվում է կանխիկ՝ առանց ՀԴՄ կտրոնների (հսկիչ-դրամարկղային մեքենաների) տրամադրման: Եվ երբ զբոսաշրջիկը իրականում չի ստանում իր ծառայությունները՝ վճարված գումարի դիմաց, իրավիճակը հնարավոր չէ վերահսկել>, - նշել է նա:

 

Նախաձեռնության համաձայն,  զբոսաշրջային ծառայություններ տրամադրող սուբյեկտները պետք է ունենան, առնվազն, ապահովագրություն։ Զբոսաշրջային փաթեթի ձեռք բերման դեպքում զբոսաշրջիկը ապահովագրված կլինի ապահովագրական ընկերության կողմից, իսկ զբոսաշրջային ընկերության սնանկ լինելու կամ այլ ֆորս-մաժորի դեպքում նա չի տուժի: <Դա կարող է լինել ապահովագրություն, բանկային երաշխիք, կամ հիմնադրամի ստեղծում: Մենք բազմաթիվ առաջարկներ ենք ստացել եւ հիմա քննարկումների փուլում ենք", - նշել է Գեւորգյանը։