Հինգշաբթի, 30 Հունվարի 2025 10:59
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Գերմանիան նախանշել են հետագա քայլերը՝ տեխնոլոգիական հատվածում համագործակցության խորացման համար

Հայաստանն ու Գերմանիան նախանշել են հետագա քայլերը՝ տեխնոլոգիական հատվածում համագործակցության խորացման համար

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները քննարկելու և զարգացնելու նպատակով:

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարար Հայրապետյանը հանգամանալից ներկայացրել է նախարարության ռազմավարական առաջնահերթությունները՝ բարձր տեխնոլոգիաներից մինչև թվայնացման ոլորտ, տիեզերական տեխնոլոգիաներից մինչև կիբեռանվտանգություն, անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրին և այլ նախաձեռնությունների։

Անդրադառնալով Գերմանիայի հետ տեխնոլոգիական ոլորտում երկուստեք փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ կողմերը նախանշել են հնարավոր մի շարք ուղղություններ՝ մասնավորապես կարևորելով գերմանական և ԵՄ խոշոր վերազգային ՏՏ ընկերություններին Հայաստան ներգրավելու, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև կիսահաղորդչային բաղադրիչների և միկրոէլեկտրոնիկայի նախագծման և արտադրության բնագավառներում համագործակցության առկա հնարավորությունները:

 

Կլաուդիա Բուշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է  թվայնացման ոլորտում Հայաստանի հետ իրականացվող համատեղ ակտիվ աշխատանքները, անդրադարձել է նախարարի կողմից առաջ քաշվող փոխհամագործակցության հնարավորություններին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցությունը խորացնել կարողությունների զարգացման, ստարտափների, տեխնոինդուստրիայի և ոլորտի զարգացմանը նպաստող այլ ուղղություններով:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխգործակցության ընդլայնման, հետագա քայերի և անելիքների վերաբերյալ: