Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։
ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սահմանային անցման կետերի ենթակառուցվածքների արդիականացմանը, երկու երկրների մաքսային մարմինների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգի լիարժեք ներդրմանը, ինչպես նաև հայ-իրանական սահմանին պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման հնարավորությանը և օպերատիվ լուծում պահանջող հարցերի արագ արձագանքման մեխանիզմների ստեղծմանը:
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև մաքսային և հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մեխանիզմների բարելավման ու կատարելագործման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվ համագործակցել նախանշված ուղղություններով՝ հաշվի առնելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճը, ինչպես նաև սահմանային իրավախախտումների դեմ համատեղ պայքարելու ջանքերը:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2024 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 520 մլն դոլարը՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2,2 տոկոսով ։ Ընդ որում, հայկական ապրանքների արտահանումն Իրան հասել է 81,2 մլն դոլարի, աճելով 7,7%-ով, իսկ իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան կազմել է շուրջ 450 մլն դոլար՝ ավելանալով 2,4%-ով:
RUB | 3.99 | 0.00 |
USD | 396.71 | -0.28 |
EUR | 409.96 | 3.28 |
GBP | 492.87 | 4.02 |
CAD | 275.15 | 4.61 |
JPY | 25.56 | -0.06 |
CNY | 54.76 | -0.03 |
CHF | 436.57 | 3.79 |