Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 31-ին ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի (Concours Mondial de Bruxelles) տնօրեն Քվոնտան Հավուին։
Ինչպես նշվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած գինիների մի քանի տեսակներ վերջին երկու տարիներին մասնակցել են «Concours Mondial de Bruxelles» կարմիր և սպիտակ գինիների մրցույթին և արժանացել 35 մեդալի՝ ոսկի և արծաթ:
Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է հայկական գինիների հաղթանակի կարևորությունը հեղինակավոր այս մրցույթին թե՛ հայկական գինեգործական հնագույն ավանդույթների ներկայացման, և թե՛ հայկական գինիների միջազգային ճանաչման տեսանկյունից: Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը կրկին մասնակցության հայտ է ներկայացնել 2025 թվականի «Concours Mondial de Bruxelles»-ին և ակնկալում է հեղինակավոր համտեսային մրցույթում հաղթելու դեպքում 2026 թվականին մեծ պատրաստակամությամբ և բարձր մակարդակով հյուրընկալելու և անցկացնելու այն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացմանը, հայկական գինու հանրահռչակմանն ու միջազգային շուկաներում հայկական գինու դիրքերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Հայաստանում ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում աճել են երկրում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների թողարկման ծավալները՝ բացառությամբ գինու և շամպայնի: ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին գինու արտադրության ծավալները նվազել են 26,2 տոկոսով՝ մինչև 8,1 մլն լիտր, փրփրուն գինու (շամպայնի) արտադրության ծավալները՝ 24 տոկոսով՝ մինչև 839,6 հազար լիտր: Ընդ որում, զգալիորեն աճել է վիսկիի արտադրության ծավալը՝ 8,1 անգամ ՝ մինչև 4,1 մլն լիտր: Ավելի չափավոր աճ է գրանցվել կոնյակի արտադրության գծով՝ 6,5 տոկոսով ՝ մինչև 16,4 մլն լիտր, օղու, լիկյորի եւ մյուս ոգելից խմիչքների արտադրության ծավալներն աճել են 5,3% - ով ՝ մինչև 1 մլն լիտր, իսկ գարեջրինը՝ 6,7% - ով՝ մինչև 25,3 մլն լիտր։