Արմինֆո. Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հարգելով աշխատավորների բողոքի ձայն բարձրացնելու և իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով գործադուլ իրականացնելու սահմանադրական իրավունքը, անհանգստացած է ԶՊՄԿ ՓԲԸ մի խումբ աշխատակիցների նախաձեռնած անօրինական՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74 հոդվածի կոպիտ խախտումներով իրականացված գործողություններով, որի հետևանքով խաթարվել է երկրի թիվ մեկ հարկատուն հանդիսացող խոշորագույն ընկերության բնականոն գործունեությունը։ Այդ մասին ասվում է Հայաստանի գործատուների հանրապետական միության հայտարարությունում:
«Նման նախաձեռնությունը չի բխում նաև աշխատավորների շահերից, քանի որ Օրենսգրքի 78 հոդվածով սահմանված կարգով գործադուլը անօրինական ճանաչվելու դեպքում Օրենսգրքի 82 հոդվածի համաձայն գործադուլին մասնակցած աշխատողները գործատուին պատճառված վնասի համար կրելու են համապարտ պատասխանատվություն:
Գործատուների միությունը կոչ է անում բոլոր բողոքավոր աշխատավորներին վերադառնալ բնականոն աշխատանքի, գնալ կառուցողական բանակցությունների, գտնել փոխզիջումներ և խոչընդոտ չդառնալ գործատու ընկերության գործունեությանը, իսկ բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու դեպքում գործադուլի նախաձեռնություն սկսել օրինական ճանապարհով։
Հարգելի՛ աշխատավորներ, չարտոնված գործողությունների հետևանքով տուժելու են հազարավոր մարդիկ, ծանր վնասներ է կրելու տնտեսությունը։
Մտահոգված ենք երկրի խորոշագույն ընկերությունում նման կամայական դրսևորումներով, քանի որ սա ոչ միայն ԶՊՄ կոմբինատի խնդիրն է, այլև նախադեպ է ստեղծում նման զարգացումների համար ցանկացած ընկերությունում, ինչը ահռելի բացասական ազդեցություն կարող է թողնել ընդհանուր տնտեսության վրա։ Հարյուրավոր ընկերություններ և կազմակերպություններ՝ իրենց հազարավոր աշխատակիցներով, կապված են ԶՊՄԿ-ի հետ և մի խումբ մարդկանց չարտոնված բողոքի պատճառով վնաս է կրում ԶՊՄԿ-ին առնչվող ամբողջ տնտեսական շղթան», - ընդգծվում է ՀԳՀՄ հայտարարությունում։
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, ձեռնարկության մի խումբ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել ՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: "ԶՊՄԿ" ՓԲԸ-ում այդ պահանջները գնահատել են անիրատեսական, իսկ գործադուլավորների գործողությունները գնահատել են Աշխատանքային օրենսգրքի շրջանակներից դուրս:
Նշենք, որ արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը": Ձեռնարկությունը 2024 թվականի համար պետական գանձարան է ուղղել շուրջ 102 մլրդ դրամ (տարեկան 44% աճով), որից 2,2 մլրդ դրամը ՝ մաքսատուրքեր, 30,2 մլրդ դրամը ՝ ուղղակի հարկեր (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), 2,7 մլրդ դրամը ՝ անուղղակի հարկեր (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ)։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջից տեղեկացրել էր, որ ԶՊՄԿ-ն որպես կառավարության շահաբաժին պետական բյուջե է փոխանցել 33 միլիարդ 249 միլիոն դրամ: "Ուշադրություն դարձրեք, սա գումարած վճարված հարկերը որպես շահույթի մասնաբաժին, որովհետև 2021 թվականից կառավարությունը ԶՊՄԿ - ի բաժնետեր է, ինչպես խոստացել էի", - նշում էր վարչապետը:
"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) (ԶՊՄԿ) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի հանքաքարով ապահովվածությունը կազմում է շուրջ 150 տարի ։