Արմինֆո. FOODEX JAPAN 2025 ցուցահանդեսին ընդառաջ Ճապոնիայի բիզնես ասոցացիան (ROTOBO), Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ), Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանի գործուն աջակցությամբ կազմակերպել են հայկական գինիների առցանց սեմինար, որի նպատակն էր ներկայացնել հայկական գինիների առանձնահատկությունները և բարձրացնել իրազեկվածությունը ճապոնական շուկայում:
ՀԽԳՀ–ի հաղորդագրության համաձայն, սեմինարի բանախոսներն էին` Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանիը, ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և ROTOBO-ի փոխտնօրեն Միկի Վաջիման:
«Հայկական գինին, չնայած իր հարուստ ժառանգությանը, դեռևս մնում է թաքնված գանձ համաշխարհային ասպարեզում, և Ճապոնիան եզակի հնարավորություն է տալիս դա փոխելու համար։ Ճապոնացի սպառողները, որոնք բարձր են գնահատում ավանդույթները, ինքնատիպությունն ու վարպետությունը, կարող են դառնալ հայկական գինու իսկական դաշնակիցներ»,- նշել է ՀՀ դեսպան պարոն Հովհաննիսյանն իր ելույթում՝ հավելելով, որ Ճապոնիայում հայկական գինիների առաջխաղացումը ոչ միայն տնտեսական նախաձեռնություն է, այլև մշակութային փոխանակում, որը խորացնում է կապերը երկու հինավուրց քաղաքակրթությունների միջև։
Հայկական գինիների սեմինարին մասնացել են ճապոնացի գինեգործներ, սոմելիեներ, լրագրողներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Վերածնունդ ապրող հայկական գինու հազարամյա պատմությունը նրանց ներկայացրել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ ընդգծելով, որ հայկական գինիների սպառման համար Ճապոնիան հետաքրքիր շուկա է: