Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։ Այդ մասին ասվում է ԶՊՄԿ հայտարարությունում:
«Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ. Մարգարյան Շավարշ Հովհաննեսի, Արշակյան Կարեն Մարութի, Մխիթարյան Վահե Սամվելի, Բաբաջանյան Գոռ Վրեժի,
Բաբաջանյան Վահե Վրեժի, Բաբաջանյան Արթուր Վրեժի, Անդրեասյան Կարեն Արկադիի, Աթայան Տիգրան Արշամի:
Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։
Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը», - ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ այսօր առավոտյան ԶՊՄԿ-ում հայտարարել էին, որ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ի բնականոն աշխատանքը խաթարելու հետևանքով ձեռնարկությունը կրել է օրական 400 մլն դրամի վնաս: Նշվում էր, որ այդ գործողությունների հետևանքով տուժել են ընկերության հազարավոր աշխատակիցներ: "Մենք ակնկալում ենք, որ օրենքը խախտողները իրավական պատասխանատվություն կկրեն տեղի ունեցածի համար", - նշվում էր հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջից ԶՊՄԿ-ի աշխատակիցների մի մասը գործադուլ է հայտարարել և պահանջում են աշխատավարձերի 50 տոկոս բարձրացում: "ԶՊՄԿ" ՓԲԸ - ում այդ պահանջները գնահատել էին անիրատեսական, իսկ գործադուլավորների գործողությունները՝ Աշխատանքային օրենսգրքի շրջանակներից դուրս:
"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը" արդեն երրորդ տարին անընդմեջ գլխավորում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Այն Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։
Ավելի վաղ կոմբինատի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ ԶՊՄԿ-ի միջին աշխատավարձը գերազանցում է ոլորտի բոլոր ցուցանիշները։ Սյունիքի մարզում միջին աշխատավարձը երկրորդն է մայրաքաղաքից հետո, ինչը պայմանավորված է ոլորտի, մասնավորապես՝ ԶՊՄԿ-ի գործունեությամբ։
«Աշխատավարձերի վերաբերյալ կամայական մեկնաբանություններից խուսափելու համար՝ ներկայացնում ենք ընկերության որոշ հաստիքների ներկայիս աշխատավարձերի տվյալները (ՀՀ դրամ՝ նվազագույն-առավելագույն, ներառյալ հարկերը)։
Հարստացուցիչ ֆաբրիկա. Ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի. Ֆլոտատոր 399,470-594,099; Փականագործ 329,918-580,003; էլեկտրագազաեռակցող 359,856-609,491;
Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամաս. Ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի.
Կոնվեյերավար 450,090-480,060; էլեկտրագազաեռակցող 362,789-614,809:
Ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ)
Միջին ամսական աշխատավարձ (ներառյալ հարկերը). 90 տոննա 1,140,151; 130 տոննա 1,372,247; 180 տոննա 1,672,215; Ընդհանուր միջին 1,394,871:
Բացի այդ՝ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցները (ներառյալ բանվորները) և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, իսկ այն ծախսերը, որոնք ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում, ֆինանսավորվում են ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։
Բոլոր աշխատակիցները կարող են օգտվել օրենքով սահմանված արձակուրդային օրերից և օգտվել արհմիության տրամադրած արտոնյալ կամ անվճար ուղեգրերից՝ Հայաստանի և տարածաշրջանի հանգստյան տներում։
Ընկերությունն ապահովում է աշխատակիցների և նրանց երեխաների ուսման ծախսերի փոխհատուցում։
Աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ։
Ընկերությունը սոցիալական լայնածավալ ծրագրերի շրջանակում ֆինանսավորում է մանկապարտեզներ, սպորտային խմբակներ, բժշկական հաստատություններ, մշակույթի տներ, բազմաթիվ միջոցառումներ և հարյուրավոր այլ սոցիալական ծրագրեր», - նշվում էր հաղորդագրությունում։