Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025 11:01
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ ԿԲ. Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամները ԱՄՆ արժեթղթերում ներդրումների ավելի մեծ հնարավորություններ կունենան

ՀՀ ԿԲ. Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամները ԱՄՆ արժեթղթերում ներդրումների ավելի մեծ հնարավորություններ կունենան

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները մտադիր են մեղմել երկրի կենսաթոշակային հիմնադրամների որոշ սահմանափակումներ՝ դրանց միջոցները տնտեսության իրական հատվածում ներդնելու համար։ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 10-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել "Կուտակային կենսաթոշակների մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Ներկայացնելով փոփոխությունները' ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը նշել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում ստացվել է տեխնիկական բնույթի ընդամենը մեկ առաջարկ, որը վերաբերում է էլեկտրոնային ծանուցմանը, ինչն իր արտացոլումն է գտել օրենքի նախագծում: Ներկայումս, ինչպես նշել է Նուրբեկյանը, հիմնադրամների համար գոյություն ունեն ներդրումների իրականացման սահմանափակումներ, ինչը թույլ չի տալիս կենսաթոշակային հիմնադրամների միջոցներն ամբողջությամբ ուղղել տարբեր ներդրումային նախագծերին, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ տնտեսության այլ ոլորտների ֆինանսավորմանը: Հայաստանում ներդրումային նախագշերը, հիմնականում, ֆինանսավորվում են ոչ հրապարակային (բորսայում չցուցակված) ֆինանսական գործիքների միջոցով: Ընդ որում, ոչ հրապարակային (չցուցակված) գործիքներում ներդրումներ կատարելու հնարավորությունն ապահովվում է միայն անուղղակիորեն այլ ներդրումային գործիքների միջոցով, ինչը սահմանափակում է բնակչության կենսաթոշակային խնայողությունները տնտեսության մեջ ներդնելու հնարավորությունը, նվազեցնում է ֆոնդերի կառավարման արդյունավետությունը և դրանց բարձր եկամուտների ստացումը:

Օրենքում առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ընդլայնել կենսաթոշակային կուտակային հիմնադրամների կողմից ներդրումների հնարավորությունները ՝ ի դեմս երկու ընկերությունների ՝ "Ցե - Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա" (C - Quadrat Ampega) և "Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ" (Amundi - ACBA) ՝ հիմնադրամի միջոցները տարբեր ֆինանսական գործիքների կիրառման միջոցով ուղղելով ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը: Ներկայումս գործող օրենքում առկա է դրույթ, համաձայն որի, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն իրավունք չունի կառավարելու մասնագիտացված ներդրումային ֆոնդ: Մինչդեռ, Հայաստանի տնտեսությունում կան ֆինանսավորման կարիք ունեցող ճյուղեր, և այդ ներդրումային նախագծերը կարելի է ֆինանսավորել ներդրումային ֆոնդերի հաշվին: Միևնույն ժամանակ, պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներն ունեն տարբեր ներդրումային ֆոնդեր կառավարելու մասնագիտական ունակություններ: Ուստի, օրենսդրական խոչընդոտների վերացումը թույլ կտա օգտագործել այդ հնարավորությունները՝ խթանելով ներդրումները տնտեսության իրական հատվածում։

Ներկայումս կենսաթոշակային հիմնադրամների համար սահմանված որոշ ներդրումային սահմանաչափեր բացասական ազդեցություն են գործում դրանց կառավարման արդյունավետության վրա: Մասնավորապես, պահպանողական ֆոնդերի համար մաասնաբաժնային արժեթղթերում ներդրումների փոքր սահմանը ՝ 25%, թույլ չի տալիս ֆոնդերին օգտվել երկարաժամկետ հեռանկարում բարձր և կայուն եկամտաբերություն ապահովելու հնարավորությունից: Այժմ առաջարկվում է այդ շեմը հասցնել 35 տոկոսի։ Այդպիսով՝ երկրի կենսաթոշակային հիմնադրամները ավելի շատ հնարավորություններ կունենան ԱՄՆ արժեթղթերում ներդրումներ կատարելու համար: