Արմինֆո.Կառավարության փետրվարի 13-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72,275,137 եվրո (մասնակից բոլոր երկրների համար), որտեղից ԵՄ դրամաշնորհային ֆինանսավորումը կազմում է 65,047,623 եվրո (ամբողջի 90%-ը) և տրամադրվում է ծրագրի շրջանակում ընտրության փուլերն հաջողությամբ անցած մասնակից երկրների իրավաբանական անձանցից կազմված կոնսորցումների ներկայացրած ծրագրերին: Ինչ վերաբերում է մնացած 10%-ին, ապա այն ենթադրում է մասնակից պետության կողմից համաֆինանսավորում: Ծրագիրն ընդհանուր առմամբ ուղղված կլինի նորարարական և խելացի տնտեսական վերափոխմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը, ինչպես նաև ավելի կանաչ, ցածր ածխածնի՝ դեպի զուտ զրոյական ածխածնային տնտեսություն և մաքուր ու վերականգնվող էներգիայի անցմանը, կանաչ և կապույտ ներդրումների ու շրջանաձև տնտեսության խթանմանը, կլիմայի փոփոխության մեղմացմանը և հարմարեցմանը, ռիսկերի կանխարգելմանը և կառավարմանը և կայուն քաղաքային շարժունակությանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է հետազոտական և նորարարական կարողությունների զարգացում և ընդլայնում, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառում, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը, աղետների ռիսկերի կանխարգելմանը և էկոհամակարգի պահպանմանն ուղղված մոտեցումների կիրառում, բնության, կենսաբազմազանության և կանաչ ենթակառուցվածքների պաշտպանության և պահպանման ուժեղացում՝ այդ թվում նաև քաղաքային տարածքներում, աղտոտվածության բոլոր տեսակների նվազեցում: Ծրագրի շահառու կարող են լինել պետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները, առևտրային պալատները, ակադեմիական և կրթական հաստատությունները, մշակութային և հնագիտական ասոցիացիաները: