Արմինֆո.Իշխանությունները ստում են, երբ ասում են, թե բարձր գույքահարկերը հարստացնում են քաղաքացիներին։ Այդ մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերով հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը, որ, եթե գույքահարկը բարձրացել է, նշանակում է՝ բարձրացել է ձեր տան արժեքը:
Օրինակ, Թադևոս Ավետիսյանը նշել է, որ կենտրոնի երեք սենյականոց բնակարանում բնակվող տարեց քաղաքացիները 2024 թվականին վճարել են 300 000 դրամ գույքահարկ, 2025 թվականին կվճարեն 450 000 դրամ, իսկ 2026 թվականին՝ 600 000 դրամ:
<Այն, որ գույքահարկի չափը կապված է բնակարանի արժեքի հետ, նույնպես սուտ է։ Վստահեցնում եմ, որ այս բնակարանի արժեքը վերջին երեք տարիների ընթացքում մոտ 50 տոկոսով չի աճել", - հայտարարել Է Ավետիսյանը։
Բացի այդ, իշխանությունները նաև խորամանկում են, ասելով, թե գույքահարկը հաշվարկվում է անշարժ գույքի՝ շուկայականին մոտ արժեքի հիման վրա։ Մինչդեռ, գործող կառավարությունն՝ ինքը, ընդունում է շեղումների առկայությունը, հավելել է նա։
<Մինչ գույքահարկի բարձրացումը մինչև 3 մլն դրամ արժողությամբ բնակարանատերերը 0 դրամ գույքահարկ էին վճարում: Նման գույք առկա է, մասնավորապես, սահմանամերձ, բարձրլեռնային և այլ բնակավայրերում։ Այսօր այդ քաղաքացիները պետք է տարեկան 18 000 դրամ գույքահարկ վճարեն", - նշել է պատգամավորը։
Իսկ այն քաղաքացիները, որոնց գույքը գնահատվում է 10 մլն դրամից պակաս, այսօր պետք է 10 անգամ ավելի հարկ վճարեն, քան՝ մինչ վերանայումը, այսինքն՝ 60 հազար դրամ՝ նախկին մոտ 6 հազար դրամի դիմաց։
<Աշխատող աղքատների համար 2026 թվականին գույքահարկը մոտավորապես հավասար կլինի նրանց ամսական աշխատավարձին և, նույնիսկ, կգերազանցի կենսաթոշակի միջին չափը:
Քաղաքի կենտրոնում սեփական տանն ապրող միայնակ տարեց քաղաքացին, որը ժառանգել է հորից, պապից, փաստորեն, պետք է ստանա միջին կենսաթոշակ, ունենա 20 տարուց ավելի աշխատանքային ստաժ, որպեսզի կարողանա իր կենսաթոշակով ամբողջությամբ ծածկել գույքահարկը: Եվ ամենը՝ որպեսզի կարողանաք ապրել ձեր սեփական բնակարանում>, - նկատել է նա:
Այսպիսով, ինչպես ընդգծել է տնտեսագետը, կարելի է արձանագրել, որ սոցիալական արդարություն հաստատելու և թանկարժեք անշարժ գույքը շքեղության համար հարկելու փոխարեն իշխանությունները գույքահարկի ձևավորման բանաձևից բացառել են սոցիալական բաղադրիչը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բնակիչները սկսել են մի քանի անգամ ավելի շատ գույքահարկ վճարել, քանի որ փոխվել է դրա հաշվարկման կարգը. այն հաշվարկվում է շուկայական կադաստրային արժեքին մոտեցված: Բացի այդ, 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի հարկը պարտադիր է դարձել բոլոր սեփականատերերի համար՝ անկախ գույքի արժեքից։ Մինչ այդ մինչև 3 միլիոն դրամ (ավելի քան 6 հազար դոլար) արժողությամբ անշարժ գույքի սեփականատերերն ազատված էին հարկերից: Բացի այդ, եթե նախկինում հողամասերն ու շինությունները գնահատվում էին առանձին-առանձին (շենքերը ենթակա էին գույքահարկի, հողամասերը ՝ հողի հարկի), ապա այժմ գանձվում է միասնական գույքահարկ։
Իսկ դառը հաբը քաղցրացնելու համար՝ կառավարությունը հայտարարել է, որ հարկային նորամուծության ներդրումը կյանքի կկոչվի փուլ առ փուլ՝ 6 տարվա ընթացքում։ Այսպես, 2021 թվականին քաղաքացիներից սկսել են գանձել նախատեսված հարկի միայն 25%-ը, 2022 թվականին՝ 30% - ը, 2023 թվականին՝ 35%-ը, 2024 թվականին՝ 50% - ը, իսկ 2025 թվականին՝ 75% - ը, և, վերջապես, 2026 թվականից հարկն ամբողջությամբ պետք է վճարվի։ Նշվում էր, որ արդյունքում՝ անշարժ գույքի հարկի գանձման ներուժը կաճի միջինը 4,3 անգամ։ Իշխանությունների իսկ գնահատականներով՝ հարկահավաքությունը սկզբնական 9 մլրդ դրամից կդառնա 40 մլրդ դրամ՝ արդեն հարկման նոր համակարգի ներդրման 4-րդ տարում, իսկ 2026 թվականից, երբ հարկի չափն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, ֆիսկալ էֆեկտը կկազմի տարեկան մինչև 37-38 մլրդ դրամ։ Նաև հաղորդվել է, որ առնվազն երկու տարին մեկ Կադաստրի կոմիտեն վերանայելու է Հայաստանում անշարժ գույքի գները, որպեսզի դրա հիման վրա որոշվի անշարժ գույքի հարկի չափը՝ տվյալ անշարժ գույքի համար:
2024 թվականի սեպտեմբերին Սուրեն Թովմասյանը հաղորդել էր, որ ընդունվել է քաղաքական որոշում՝ այս փուլում չվերանայել շուկայականին մոտ կադաստրային գները, որոնք նախատեսվում է օգտագործել հարկման համար: Թովմասյանի խոսքով՝ չնայած անշարժ գույքի շուկայում 2021 թվականից հետո գների աճին, ինչպես նաև հակառակ 2023 թվականին վերագնահատման պահանջին, որը պետք է նոր հարկային բազա դառնար արդեն 2024 թվականից, իշխանությունները որոշել են դադար վերցնել։ Հնարավոր է՝ անշարժ գույքի նոր վերագնահատումը, որն անհրաժեշտ է հարկային բազան որոշելիս, իրականացվի մինչև 2026 թվականը, հաղորդել էր Կոմիտեի ղեկավարը։