Երեքշաբթի, 18 Փետրվարի 2025 11:16
Ալեքսանդր Ավանեսով

ԱԺ փոխնախագահ. կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի եւ տնտեսության զարգացման համար

ԱԺ փոխնախագահ. կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի եւ տնտեսության զարգացման համար

Արմինֆո.Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 17-ին հանդիպել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների ղեկավարների հետ:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա են եղել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ Վահե Ղալումյանը եւ Սիսակ Գաբրիելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ԲՏԱ եւ Էկոնոմիկայի նախարարների տեղակալները:

 

Ողջունելով հյուրերին` Հակոբ Արշակյանը կարեւորել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների անխափան գործունեությունն ու հանրապետության տարածքում կապի որակը եւ հասանելիությունը:

 

ԱԺ փոխնախագահն ընդգծել է վերջիններիս հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել իրականացված աշխատանքների մասին, նախանշել քայլերը, որոնք ուղղված կլինեն մեր երկրում տնտեսության կարիքներին համահունչ կապի ոլորտի զարգացմանը:

 

Տեղի է ունեցել արդյունավետ քննարկում` կապի ենթակառուցվածքների տեղադրման, բազային կայանների կառուցման թույլտվությունների, ինչպես նաեւ համայնքային նշանակության ենթակառուցվածքների, մասնավորապես` հենասյուների օգտագործման համար սահմանված վճարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ հսկայածավալ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման եւ տեղափոխման խնդիրներին:

 

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին` քննարկմանը մասնակցելու եւ գործադրած ջանքերի համար: Նա կարեւորել է օրենսդիր, գործադիր եւ մասնավոր ոլորտների արդյունավետ համագործակցությունը բարձրաձայնված խնդիրների հասցեագրման նպատակով:

ԱԺ փոխնախագահի խոսքով կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի եւ տնտեսության զարգացման համար: