
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 17-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Սալեմ Ալ Քուբայիսիի հետ:
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը տիեզերական ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Սալեմ Ալ Քուբայիսին, իր հերթին, ներկայացրել է ԱՄԷ Տիեզերական գործակալության ձևավորման և զարգացման փորձը՝ ընդգծելով ձեռքբերումներն ու իրականացվելիք խոշոր նախագծերը։
Կողմերը քննարկել են փոխգործակցության հեռանկարները և համաձայնություն ձեռք բերել համատեղ ծրագրերի իրականացման շուրջ՝ նպատակ ունենալով զարգացնել տիեզերական տեխնոլոգիաները և նպաստել գիտական ու տեխնոլոգիական առաջընթացին՝ ի շահ երկու պետությունների։
Առանձնահատուկ ընդգծվել է գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների, ոլորտային ստարտափների ուղղությամբ հնարավոր համագործակցության կարևորությունը, ինչպես նաև շարունակական համագործակցությունը՝ «Արտեմիսի» համաձայնագրի սկզբունքներին համահունչ՝ ուղղված տիեզերքի խաղաղ օգտագործմանը և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների նորարարական լուծումների մշակմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ տիեզերական գործակալության տիեզերական քաղաքականության տնօրեն Ֆաթմա Ալշամսին և Ռազմավարական համագործակցության ավագ մասնագետ Հասան Ալշեհին։
RUB | 4.90 | 0.01 |
USD | 381.24 | 0.05 |
EUR | 442.43 | -0.78 |
GBP | 502.97 | -1.19 |
CAD | 272.18 | -0.43 |
JPY | 24.43 | -0.12 |
CNY | 53.93 | 0.03 |
CHF | 473.59 | -1.29 |

