
Արմինֆո. Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին: Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ դերը Հայաստանում ինչպես ենթակառուցվածքային բարեփոխումների, այնպես էլ ֆինանսական շուկայի կայացման և, մասնավորապես, ՓՄՁ ֆինանսավորման հասանելիության բարելավման ուղղություններով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ճանապարհաշինության, ջրային համակարգի, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման ուղղություններով ընթացիկ ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՎԶԵԲ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ախալկացին հաղորդել էր, որ 2024 թվականին բանկը Հայաստանում ներդրել է 396 մլն եվրո, ինչը ներդրումների ամենաբարձր մակարդակն է հարաբերությունների ողջ պատմության ընթացքում: